Մեհրաբը 108 տարեկանում վախճանվեց։ Մեռնելիս ցավով բացականչել է. ''Այ փուչ աշխարհ, արժե՞ր երկու օրվա համար ծնվել…''
Սրանցից էր սերել Թումանյանը, սրանց ''սիրտն ու արինը'' կար նրա մեջ, դրա համար էլ անվախ էր նա, իր նախնիների նման նա էլ ժողովրդի գլուխ անցավ, երբ թշնամին մոտեցել էր Լոռու ձորերին. ''Լոռեցիներ, իմ քաջ հայրենակիցներ, փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել… Հավաքվեցեք մեր մութ անտառների նման, կանգնեցեք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցեք ու զարկեցեք մեր սարերի կայծակների նման։ Թող թշնամին էլ տեսնի, աշխարքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել, Ղարսի վրից էլ, բայց Լոռու սարերից անցնել չի կարելի…''։
Արմենուհու հետ շրջում ենք տուն-թանգարանի բոլոր սենյակները։
– Թումանյանի հարյուրամյակին, որ գաք, ամեն ինչ պատրաստ է լինելու։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գլուխներս խառն է, նորոգումներով ենք զբաղված։
Հետո քայլում ենք պարտեզում, զրուցում։
– Թումանյանի օրոք գյուղը վաթսուն-յոթանասուն ծուխ ուներ,– պատմում է Արմենուհին։– Իսկ հիմա հազարից անցնում է։ Մարդիկ լավ են ապրում ։ Էլ ոչ Գիքոր կա, ոչ Համբո,– Արմենուհին ժպտում է։– Աշխարհը մեզ է նայում, պետք է շտապել, կիսատ գործեր շատ ունենք։ Ողջ գյուղով ոտքի ենք ելել, որ հասցնենք…
Թումանյանի տան մոտ, եկեղեցու բակում, մամռապատ, հին-հին քարեր կան։ Դրանց տակ են հանգչում մեծ բանաստեղծի նախնիները։ Երբ մտանք եկեղեցու բակ, մի ծերունի՝ նստած մի քարի, հենված ձեռնափայտին նայում էր քարերին։
– Էստեղ ի՞նչ ես անում, Աբրամ բիձա,– հարցրեց Արմենուհին։
Ծերունին ծանր բարձրացրեց հայացքը, երկար նայեց։
– Կարացի ոչ ճանաչեմ։
– Հարստանալու ենք,– ժպտում է Արմենուհին,– ասում եմ էստեղ ի՞նչ ես անում։
– Զրից եմ անում,– շատ հանգիստ խոսեց ծերունին, իսկ ես հանկարծ հիշեցի Ժամանակ-ծերունուն. ''Աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես, այն ես եմ թաղել…''։
– Ի՞նչ զրից ես անում,– մեզ աչքով է անում Արմենուհին։
–Ինչ իմանամ… զրից եմ անում…Ասում են՝ եկ, վախիլ մի, կան– չում են… էս ոնց անցավ, է՜… երկու օր ապրեցինք ու հմի պիտի գնանք, փուչ, փուչ աշխարհ ա…
–Ինչքան էլ կանչեն, չգնաս,– Արմենուհին ձեռքը դնում է ծերունու ուսին։– Լսո՞ւմ ես, չգնաս, շուտով Թումանյանի 100 տարին լրանում է, կաց քեֆ արա… Թումանյանին ճանաչո՞ւմ ես։
–Յանի Օհաննեսի՞ն… խի՞ չեմ ճանանչում, հրեն էն քարը Օհաննեսի հոր քարն ա` Տեր-Թադևոսի։ Օհաննեսը հորը շատ էր սիրում։– ''Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…’’։– Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան։