Միայն ինձ համար, ախ, լոկ ինձ համար աշխարհը մեկեն լուռ կհամրանա, աչքերս՝ աղի արցունքներով լի, սիրտս՝ մորմոքուն, որբացած հոգիս կողբա թաքուն…
Եվ ձեռքերը իմ՝ անզգա, անկամ, կկարկառվեն վեր.
,, Օ ՜, Տեր իմ, Տեր իմ, անսա անձկալի ձայնն իմ աղոթքի, թույլ տուր այն կյանքից՝ ճերմակ ամպերից ու հեռու– հեռու երկնքից անդին, տիեզերական անհունից անծիր, վերադառնալու երկիրն այս լուսե, թույլ տուր քաղցրահունչ ձայնը Իր լսեմ, թույլ տուր, որ տեսնեմ լույսը Իր հոգու, տոչոր շուրթերով հպվեմ այդ լույսին:
Ողորմա ինձ, Տե ՜ր, համակիր եղիր իմ խորունկ ցավին, ես հազար անգամ մեռնում-հառնում եմ կարոտից նրա, թույլ տուր, որ զգամ կյանքի շունչն Իր մեջ, թույլ տուր դառնալու երկիրն այս կրկին՝ որ ծնվենք մեկտեղ, միևնույն ատեն, որ աշխարհ չգա, ինչպես այս կյանքում՝ երեսուն տարի ինձանից առաջ: Օգնիր մեզ, Տեր իմ, վերստին գտնելու մեկս մյուսին, որ չբաժանվեն հոգիները մեր, ու սերը մեր սուրբ, սրտերն անապակ՝ անջատված անգութ փորձություններում, դառնան միաձույլ, մի սիրտ ու հոգի,,:
… Եվ եղավ այնպես… որ գարնան մի օր, վաղ լուսաբացի արեգակնային վճիտ շողերում, մի պահ ինձ թվաց Իր հոգու լույսը տեսա ես հանկարծ. ծաղկանց բուրմունքում ես պարզ լսեցի հրայրք շուրթերի շշունջը մեղմիվ, շնչառությունը զգացի ասես թարմ զեփյուռի մեջ… ,,Նորից ինձ հետ է, ինձ հետ է կրկին,,– մրմնջացի ես խորը վշտաբեկ, դառը ժպտալով արցունքի միջից…
ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ
Արևը հանգչում է սարերի վրա, և հրաբոսոր հորիզոնն այնտեղ վառվում է ասես բազում գույներով՝ երկինք ու երկիր կապելով իրար…
Օրը հանգչում է՝ տառապանքներից, տվայտանքներից, ասված ու չասված ունայն խոսքերից լրիվ հոգնաբեկ…
Եվ հետզհետե ձորերը լռին խորասուզվում են իրիկնային լուրթ աղջամուղջի մեջ. գետակը լռում, հավքերը լռում, մոտիկ արտերում արտույտներն արդեն էլ չեն արտորում… Ձայները կամաց մարում են դրսում, և հետզհետե իջնում է մութը՝ իր սև շղարշով ներընդգրկելով ամեն մի շշուկ, ամեն մի շարժում, լոկ ծղրիդներն են երգում անձանձիր…
Սարերի վրա , բարձր երկնքի անծիր կապույտում ,աստղերի բույլը՝ երկնքից հեռու, և միլիոն պարսեկ իրարից հեռու , իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին… Աստղացող լույսը ՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն, և հեռվից հեռու համր թարթումով կարծես ասելով յուրաքանչյուրին. դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ:
Ե Ր Բ ՈՐ Հ Ա Ն Դ Ի Պ Ե Ն Ք…
Երբ որ հանդիպենք, ու ես քեզ հեռու, հեռու իմ երազ, իմ սրտի փափագ ու հանապազորդ իմ կուռք ու մուրազ, տեսնեմ իրապես…