–Երանի չհանդիպեինք,– լռությունը խախտեց կինը։– Այնպես հեշտ էր ապրելը։ Շատ եմ մտածել այդ մասին։ Ինչո՞ւ հանդիպեցինք։ Հիշո՞ւմ ես մեր հանդիպումը ընկերոջդ տանը։ Երբ մենակ էինք։ Հիշո՞ւմ ես։
–Այո։
–Հետո ես լաց եղա… Ախր, ես այդպես չէի ուզում… Պարզապես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ. Ես կարծես թե ես էի, ու՝ ես չէի…
–Հետո նստել էինք իրարից հեռու,– հիշեց տղան։– Ես քեզ չէի բռնել, չէի պահում, իսկ դու շարունակ ասում էիր. ''Թող ինձ, թող գնամ''։ Ու չէր գնում։
–Չէի կարողանում։ Եթե կարողանայի, կգնայի։ Չէի մնա։ Թվում էր՝ տարիներ շարունակ որոնել էի քեզ ու գտել. Վախենում էի մի քայլ անգամ անել ու կորցնել… Թեկուզ ներքուստ անհանգիստ էի, ինչ-որ բանից վախենում էի, թե հատկապես ինչից՝ չէի հասկանում։ Բայց չէի գնում։Հիմա եմ հասկանում, որ ինձանից էի վախենում… Այս օրից… Եթե այն ժամանակ բաժանվեինք, հեշտ կլիներ…
Տղան լուռ էր։ երկար քայլեցին՝ ջրերի ճողփյունը ականջներում։ Ալիքները շարունակ խշշում էին։
Կինը նայեց ժամացույցին։
–Ուշ է,– շշնջաց նա։ -Գնանք… Հիմա կինոյից տուն կգան, պետք է ընթրիք տալ նրան…
Տղան նայեց նրան։
–Մի վիրավորվիր… Նրան ո՞վ պիտի ընթրիք տա։
Նա մոլեգնորեն նորից գրկեց կնոջը, համբուրեց նրա տաք, անհնազանդ շուրթերը։
Քիչ առաջ տղան ավազի վրա գրել էր.
''Ես խելացնոր կերպով սիրում եմ քեզ''։ Մազերը կարգի բերելիս, կինը տեսավ , որ ալիքը եկել, տարել է տղայի գրածը։
–Ամեն ինչ այսպես է,– տխուր ասաց կինը,– Կա ու չկա։– Հետո նայեց դեպի ծովը։ Ծովը խաղաղ էր, հանդարտ։ Նայեց ժայռակերպ սալ քարերին, հայացքով չափեց ծովափը, նայեց ժայռերին։ Այստեղ ամեն ինչ հարազատ էր նրան, և հիմա ինքը բաժանվում էր այդ բոլորից։ Կինը նայում էր տխրամած, ասես այստեղ նրա ողջ կյանքն էր անցել, և հիմա ընդմիշտ բաժանվում էր դրանից։
Քարքարոտ նեղ արահետով սկսեցին բարձրանալ դեպի ավտոբուսի կանգառ։ Օդում սև չղջիկներ կային։ Չղջիկները պտտվում էին նրանց գլխավերևը, թափով իջնում էին, քիչ էր մնում թևերով դիպչեին նրանց։
Տղան նայում էր սև չղջիկներին և մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ երևի ինչ-որ շատ հեռու արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից անդին, և հանդարտ պտտվում էին կապտավուն ջրերի վրա։
–Դու հիմա քո ճայերի մասին ես մտածում,– ասաց կինը։
–…
– Դու ճայերի սիրահար ես։ Ես դա գիտեմ։ Դու բանաստեղծություններ շատ ունես ճայերի մասին։
Տղան ուշադիր նայեց կնոջը, մթության մեջ կնոջ մազերը սև էին, այտերը թուխ էին, ամբողջ դեմքը թուխ էր։
–Եթե ես ճայերի սիրահար եմ, ապա սիրահար եմ նաև քեզ։ Դու նման ես գեղեցիկ ճայի,-ժպտաց նա։– Դու իմ թուխ ճայն ես…