ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ. ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ - страница 3

Шрифт
Интервал


Եթե՜ հանդիպենք…


ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ


Իմ հեռու, հեռավոր հիշողության մեջ զնգում է առուն, մեղմիվ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես- պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող…


Ես՝ փոքրիկ տղա, ձեռքիս պարսատիկ, անհոգ ու ազատ, ընկերներիս հետ թրվռում էի ուրախ, երջանիկ. իմն էր աշխարհը՝ թիթեռնիկները, հավքերը պես-պես և ծաղիկները՝ սյուքից օրորվող…


Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով վազում էիր ցած ՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ…


Հեռու- հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու, անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով, ու ես վերստին դառնամ չար տղա՝ ձեռքիս պարսատիկ, անհոգ, երջանիկ՝ մեր հեռու՜, հեռւ՜, հեռու լեռներում…



ԱՆՑԱՎ


Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։


Տրտմած է հոգիս հիմա, որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։ Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ – ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։


Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։


Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։


ԵՐԱԶ


Լինե՛ր, լինե՛ր, այնպե՛ս լիներ, տարիներն իմ հետ գնային միանգամից։ Միանգամից ես լինեի իմ հեռավոր երազներում՝ մեր տան դռան, հենց նոր ելած ոսկեշղարշ արևի մեջ, մեր հնամյա թթենու տակ։


Հայրս լիներ, մայրս լիներ, քույր ու եղբայր՝ բոլորը ողջ, հարազատներն իմ մեկեն գային, հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝ ինչպես հեռու այն հին կյանքում՝ նրանց տեսքով՝ հավերժ անջինջ, նրանց ձենով՝ հավետ անմեռ, որ հնչում է տարիներ վեր՝ իմ ականջում, իմ հոգու մեջ ու իմ սրտում։


Լինե՛ր, լինե՛ր, այնպ՛ս լիներ՝ նորեն մեկտեղ, ախ, լինեինք, ես՝ երջանիկ, ես բարեբախտ, ցավ ու դավին դեռ անընտել մի պատանի՝ հրդեհի մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի ջերմ շողերի մեջ, թռչունների հայալեզու երգի ներքո, հեռո՛ւ – հեռո՛ւ, մեր հնամյա թթենու տակ։


ՊԱՏՐԱՆՔ


Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ…