Սնանկացումից հետո Վանո Տացուն, այնուամենայնիվ, ձեռնամուխ է լինում իր երբեմնի ծրագրի իրագործմանը և սկսում է աշխատել՝ կարդում է, երկար առանձնանում ու անվերջ գրում է, թղթակցում է «Մշակ»-ին, իսկ 1901 թվին դպրոց է բացում գյուղում, հավաքում է մոտ քսան աշակերտ ու պարապում մեր «յազլուղում», որ պատուհաններով, փայտե հատակով ու հարթ առաստաղով միակ շենքն էր գյուղում:
Ամեն առավոտ, երբ արևն ընկնում էր դասասենյակի երկու մեծ պատուհաններից ու հասնում էր գրատախտակին, Վանո Տացուն սկսում էր դասերը: Ինչպես պատմում էր հայրս, որ նրա առաջին աշակերտներից էր, ներկա-բացակա անելիս ներկա գտնվող աշակերտը պարտավոր էր ասել՝ աստ, բայց, չգիտես ինչու, բոլորն ասում էին՝ հաստ, որ ամեն անգամ Վանո Տացուի ծիծաղն էր շարժում:
Նրա դպրոցը գործում է չորս տարի, մինչև 1905 թ-ի հայոց դպրոցների փակումը ռուսական կառավարության կողմից:
Առաջին համաշխարհային պատերազմում զոհվում է նրա սիրելի որդին՝ Ավետիքը: Դա տեղի է ունենում Սարիղամիշի տակ: Այդ մասին հետո վկայում է Պիճայենց Մեսրոպը, որը կռվում էր նրա հետ միասին. այն Մեսրոպը, որը զայրույթի պահին կրակել էր մինարեթից երգող մոլլայի վրա ու վայր գցել:
Այդ վիշտը քիչ է մնում կործանի Վանո Տացուին: Նորից սկսում է խմել: Միակ ելքը նա համարում է որդու մանկության վայրերից հեռանալը և հեռանում է՝ գյուղում թողնելով իր գրադարանն ու ձեռագրերը: Մինչև կյանքի վերջը նա ուսուցչություն է անում Ծալկայի գյուղերում:
Այդ գյուղերից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը պատմվում է մինչև հիմա:
Արդեն սովետական իշխանության տարիներն էին, Վանո Տացուն պարապում էր անգրագիտության վերացման նպատակով մեծահասակների համար բացված հատուկ դպրոցում: Ինչ-որ պատճառով աշակերտները նրան խիստ զայրացնում են, և նա, հավանաբար խմած լինելով, հայհոյում է.
– Ընկեր Լենինն ասել է՝ սովորել, սովորել, սովորել: Սովորում եք՝ սովորեք, չեք սովորում՝ ձեր տիրոջ…
Մեծ աղմուկ է բարձրանում, աշակերտները բողոքում են, նրան ձերբակալում են, ընդ որում ոչ թե խմած լինելու կամ աշակերտներին հայհոյելու համար, այլ մի անմիտ մեղադրանքով՝ իբր թե նա ընկեր Լենինին էր վերագրել և՛ «սովորել, սովորել»-ը, և՛ հայհոյանքը… Ձերբակալել, բայց անմիջապես ազատ էին արձակել, որովհետև իբր ասել էր, թե անձամբ ճանաչում է Ստալինին, ընկերություն է արել հետը Գորիում և որպես ապացույց ինչ-որ համատեղ լուսանկար էր ցույց տվել:
Ի՞նչ ընկերության մասին է եղել խոսքը՝ հայտնի չէ:
1937 թ-ին Մարկոս պապիս ինչ-որ մեկը գաղտնի տեղեկացրել էր, որ Վանո Տացուին կասկածում են դաշնակցական լինելու մեջ և պիտի գան տունը խուզարկելու: Սարսափահար պապս գիշերն այրել էր նրա ձեռագրերի տետրերը, զանազան թղթեր ու նամակներ, նրանց հետ նաև ողջ գրադարանը: