Հետ շրջելով ժամանակը - страница 2

Шрифт
Интервал


Կրքերն այն աստիճան շիկացան, որ ներկաները ստիպված էին միջամտել: Եվ հանկարծ ցուցափեղկերի վրայից սկսեցին թռչել մետաղյա բոլոր առարկաները: Դրանց, մագնիսի պես, իր կողմն էր ձգում Կարլան, որին ամբոխը տուրուդմփոցի մեջ փորձում էր դուրս գցել դռնից: Հաջորդ վայրկյանին բոլորը և ամեն ինչ կախվեցին օդում. աղջիկները և առարկաները՝ անշարժացած դիրքերով:

Ջուլյան նրանց կանգնեցրեց հայացքով: Հայտնի չէ, թե էլ ինչ կարող էր տեղի ունենալ, բայց այդ պահին հնչեց զանգը: Դասարան մտան տիկին Էրիկա Գրոյսմանը և դասղեկ Անդրեա Լիվանդովսկայան:

– Ի՞նչ է տեղի ունենում այստեղ:

Դպրոցի տնօրենի ձայնի մետաղական հնչերանգը ցուցափեղկերից ընկնող առարկաներից ավելի սարսափելի էր: Նույն պահին բոլորը քարացան, հետո սթափվեցին ու հանգստացան:

Դպրոցի վիթխարի, վեհասքանչ շենքը սարսուռ ու ակնածանք էր ներշնչում: Իսկ ղեկավարությունը առաջին իսկ դասից աշակերտներին հասկացնել տվեց, թե ով է այստեղ տերը:

Սկսվեց դպրոցական առօրյան: Առաջին երեք տարում բոլորը սովորում էին միակ և նույն ծրագրով: Դասերը, առարկաները հերթով հաջորդում էին մեկը մյուսին: Յուրաքանչյուր աշակերտուհի ի վերուստ տրված շնորհ ուներ: Դպրոցում կատարելագործում էին այն: Եվ բոլորն էլ այդ բանում հասնում էին հաջողության: Բայց ամենակարևորը, – և դա տարրական դպրոցի ուսուցման գլխավոր արդյունքն էր, – սեփական մտքերը, հույզերը և գործողությունները վերահսկելու կարողությունն էր: Դա ամենաբարդն էր: Շատերն էին լքում դպրոցի պատերը երրորդ դասարանից հետո: Ամեն մեկը չէ, որ ի վիճակի էր իրեն տիրապետել, իր շնորհը գործադրել որոշակի հանգամանքներում միայն անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Իսկ նրանք, որ մնացին դպրոցում, սովորեցին գնահատել այն, ինչ ունեին:

Չորրորդ դասարանից սկսած՝ տեղի էր ունենում ֆակուլտետների համակարգումը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր մասնագիտացումը: Սակայն այստեղ էլ կային բոլորի համար ընդհանուր առարկաներ: Ինչպես, օրինակ, հեռազգացություն, հեռաշարժում, հեռափոխադրության պարզագույն ձևեր: Համընդհանուր էր նաև արդյունքը՝ մարդկանց վրա ներգործելու կարողությունը՝ ոչ միայն ի բնե տրված շնորհով, այլ նաև, որն առավել կարևոր է, բանականության օգնությամբ:

Ջուլյային դպրոցում գնահատում էին: Նա լավ էր դաստիարակված և արտասովոր ընդունակությունների տեր էր. ուներ բացառիկ հիշողություն, կարող էր արագ հաշվել, ճշտել տեղեկությունը, կողմնորոշվել անծանոթ իրադրության մեջ, ճանաչել ծածկագրերը, խորհրդանիշները, նշանները և դրանք փոխադրել ցանկացած լեզվի՝ թեկուզ հին գաղտնագրերի լեզվի, թեկուզ փոքր ժողովրդների խոսվածքների: Այդ կարողություններով, ուրիշի կամքին ներգործելու շնորհի հետ մեկտեղ, նա օժտված էր դեռ ծնված օրից: Հետո դրանք զարգացրին մոգության դպրոցում: Աղջիկների հետ դպրոցում նա ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ էր: Եվ միայն Ջեկի հետ ուներ իսկական բարեկամական կապեր: Ջեկը դպրոցի լավագույն օդաչուն էր: Նրանք հազվադեպ էին հանդիպում: Հավանաբար, նաև դա էր պատճառը, որ յուրաքանչյուր հանդիպում նրանց համար անմոռանալի իրադարձություն էր դառնում: