Անցյալ տեղափոխվելու վերաբերյալ հետազոտությունները իրականացել են երկու ուղղություններով. զուտ տեխնիկական՝ ենթադրելով հենց այդ պլուտոնիում իզոտոպի կուտակումը, որի միջոցով աշխատում է ժամանակի մեքենան, և մյուսը՝ անձնակազմի ուսուցման՝ ինչպես իրեն պահել: Գլխավորը՝ չփչացնել: Երբ տեղափոխությունը իրագործվում է մեկ, երկու օրում …մեկ ամսում: Ոչ մի սարսափելի բան չկա: Սակայն ժամկետի երկարացումը մեծացնում է անցյալ տեղափոխվելու ազդեցությունը ներկայի և ապագայի վրա՝ երկրաչափական պրոգրեսիայով: Եվ շատ կարևոր է աշակերտներին սովորեցնել՝ իրենց ինչպես պահեն ապագան փոխելու անհրաժեշտության առաջացման դեպքում:
Հասկանալի է, որ կարևոր է նաև հոգեբանական պատրաստվածությունը: Պատկերացնում ես՝ տեղափոխվում ես անհայտություն: Շուրջ բոլորը դատարկություն է: Դու պաշտպանված ես միայն մեքենայի բրոնյայով: Բացի այդ, նվազագույն մի սխալ, և հայտնի չէ՝ ուր կվերադառնաս, ինչ ներկա, եթե ընդհանրապես կվերադառնաս:
– Եվ այդ ամենը դու մեկ ուրիշի հետ էլ ես քննարկե՞լ, – հետաքրքրվեց Ջեկը:
– Բնականաբար: Ինչո՞ւ ես հարցնում:
– Աստվա՛ծ իմ, Ջուլյա՛, կարելի՞ է այդքան միամիտ լինել: Դու բոլորից խելացի՞ ես: Քեզանից բացի, ինչ-որ մեկին այդ հարցերը հետաքրքրե՞լ են:
– Չգիտեմ: Կարծես թե՝ ոչ: Հա՜, այնտեղ կա նաև ուսուցման այսպիսի առարկա՝ «Պաշտպանական դաշտի ստեղծում», որն անտեսանելի է ուրիշների համար: Դա նույնպես անհրաժեշտ է անցյալ տեղափոխվելու համար, որպեսզի չվախեցնես շրջապատողներին և ինքդ հանգիստ դիտես, թե ինչ է եղել այնտեղ մեկ ամիս կամ մի տարի առաջ: Ընդ որում, տեղափոխվող մոգը հնարավորություն ունի, իր ցանկությամբ, շրջապատի համար լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի: Վերջին դեպքում նա պետք է օգտագործի ինչ-որ պաշտպանական էկրան, անանցանելի թաղանթ, որի ստեղծման տեխնոլոգիան ընդգրկված է ուսուցման այլ առարկայի մեջ: Ահա այդպես:
– Ուզում ես ասել, որ այդ ամենը հասկացել ես մի-երկու դասի ընթացքու՞մ:
– Ես լավ հիշողություն ունեմ:
– Ու դու կարող ես ստեղծել այդ էկրանը…
– Բանն էլ այն է, որ՝ ո՛չ: Դա իմ մասնագիտությունը չէ: Մենք միայն տեսական դասընթաց ենք անցել: Ավելին, ես որևէ մեկին չեմ ճանաչում, որն անցյալ տեղափոխված լինի ժամանակի՝ որոշ չափով նշանակալից հատվածում: Ես ուզում էի հաճախել այդ դասընթացի ֆակուլտատիվ պարապմունքներին, բայց ֆակուլտետի ղեկավարության կողմից այնպիսի հակառակության բախվեցի, որ որոշեցի այդ հարցը ապագային թողնել: Եվ, գիտես, ես անգամ շնորհակալ եմ նրանցից: Քանի որ այժմ որևէ կասկած չունեմ այն բանում, որ ուսուցման հաջորդ երեք տարիներին պիտի պարապեմ մոգության դպրոցում: