ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - страница 12

Шрифт
Интервал


– Ո՛չ, այդպես չէ, տատի՛կ: Դու նորից ամեն ինչ խառնեցիր: Տատի՛կ, դու այնքան «խառնաշփոթիչ ես»:

Ամենահետաքրքիրն այն էր, որ նա ուրիշ ոչ մեկին չէր խնդրում կարդալ այդ հեքիաթը: Մայրիկի կամ մյուս տատիկի հետ էլ նրանք ունեին իրենց սիրելի հեքիաթները, որոնք նույնպես ուրիշ որևէ մեկին չէր թույլատրվում կարդալ կամ վերապատմել: Ընդհանուրը միայն այն էր, որ աղջկա կյանքի բոլոր փուլերում ներկա էր հեքիաթային այս կամ այն կերպարը, որը նրա ընկերն էր, որին վստահում էր ամենանվիրականը: Արևիկը ընկերոջ հետ էր ճաշելու գնում, ընկերոջ հետ էր զբոսնում, գնում մանկապարտեզ, մարմնամարզական սրահ, սահադաշտ, դահուկներով սահում, զբաղվում երաժշտությամբ, լսում հեքիաթներ, խաղում, անգամ համերգներ տալիս, քնում: Սկզբում դա շուն էր, նապաստակ, գայլ, աղվես՝ մուլտերի, ինչ—որ հետաքրքրաշարժ պատմության առավել սիրված գործող անձինք: Ընդ որում, եթե կենդանիների՝ մտերիմ ընկերների նմանօրինակները դառնում էին համապատասխան թավշյա խաղալիքները, ապա Սամոդելկինը բավական երկար ժամանակ աղջկա անտեսանելի ընկերն էր: Երեխան այնքան էր կլանված այդ կերպարով, որ խոսում էր նրա հետ, իր հյուրերին ծանոթացնում էր նրա հետ, նրանից խորհուրդ էր հարցնում: Սամոդելկինը տանը դարձավ գլխավորը: Բոլոր խաղերը նրա մասնակցությամբ էին տեղի ունենում: Սամոդելկինի ու նրա ընկերների արկածների մասին գրքեր էին կարդում, միշտ նույն ձայնագրություններն էին լսում, անգամ իմպրովիզացիաները բացառապես «Սամոդելկինը և ընկերախումբը» թեմայով էին: Եթե ընտանիքը նստում էր ճաշելու, աղջկա սպասքի կողքին անպայման դրվում էին նաև Սամոդելկինի համար ճաշելու պարագաներ: Քնելուց առաջ Արևիկը Սամոդելկինին հրավիրում էր լոգարան՝ լվացվելու և ատամները մաքրելու: Երբ լսում էր ձայնագրություններ, խնդրում էր իրեն ու Սամոդելկինին չանհանգստացնել:

Աստիճանաբար ավելի շատ կենսական տարածք էր հատկացվում Սամոդելկինին: Դա ընտանիքի անդամների կյանքում, մեղմ ասած, դժվար շրջան էր. նրանք ստիպված էին ապրել Սամոդելկինի մշտական, անտեսանելի ներկայության պայմաններում:

Բայց, փառք Աստծու, կյանքում ամեն ինչ անցնում է, եկավ օրը, երբ Սամոդելկինը, Կարանդաշը, Նաստենկան, Կլետոչկան, Տիգրաշան, ծովահեններ Բուլբուլն ու Դիրկան և մյուս կերպարները մնացին անցյալում:

Արևիկի նոր սիրելի հերոսը դարձավ շատ խելացի առնետ Ռամին: Արևիկը շատ անգամներ էր նայել «Ռատատույ» մուլտիկը և ամեն անգամ հիանում էր առնետի խիզախությամբ, ճարպկությամբ ու հնարամտությամբ: Աղջիկը շատ ընտրողաբար էր մոտենում ուտելիքներին: Ռամին ևս շատ էր շփացած խոհարարական նրբաճաշակ ուտեստների հարցում: Արևիկը համեմատում էր իր գաստրոնոմիական հակումները Ռամիի նմանատիպ ցանկությունների հետ: Եվ անգամ ինչոր ընդհանուր բան էր գտնում, որ ավելի շատ էր նրան մղում դեպի առնետը: Այնինչ տատիկը պատկերացնել անգամ չէր կարող, որ առնետը կարող էր բնակվել տանը, առավել ևս խոհանոցում, որ նա կարող է մասնակցել սնունդ պատրաստելու գործին, մտնել ձավարեղենի տարաների, կաթսաների մեջ, քնել հավաքարարի գլխարկի մեջ: Եվ ամենագլխավորը՝ այդ ամենը կարող է ինչ—որ մեկի հիացմունքը առաջացնել: