Սրանից մի շաբաթ առաջ
Հավաքվեցին Արազի մոտ։ Այդ խորամանկ հայացքով, արծվենի քթով ու միջին հասակի տղամարդը, ակամա սարսուռ էր առաջացնում տեսնողի հոգում։ Նրա ցածր ձայնը, սառը հայացքը ահ էին առաջացնում հետը շփվողի մեջ։
_Լավ գործ կա այս օրեր,_բանալին ձեռքում խաղացնելով ասաց Արտեմը։ Նա կարճահասակ, ճաղատ ու հաստ փորով քառասունն անց մի տղամարդ էր։ Նրա կանաչ աչքերը անհանգիստ պտտվում էին, կարծես դուրս էին գալու խոռոչներից։ Բերանում ատամնաչոփիկ կար, որը մեկ այս մեկ այն կողմ էր գցում։
_Ի՞նչ գործ,_հարցրեց կողքը կանգնած Վարդանը։ Ի տարբերություն Արտեմին, նա բոյով, նիհար ու վտիտ կազմվածք ուներ։ Կարմրած աչքերի տակը կապտած, անքնությունից դեմքը ուռած, թմրած ուղեղը մեծ դժվարությամբ էր ընկալում լսածը։
Նա ինքն էլ չհասկացավ ինչպես ընկղմվեց «կյանքի հատակ»։ Այդ բառերն էր ասում հայրը երբ սկսում էր խրատները։ Ձանձրալի ծերուկ… Ոչինչ չի հասկանում։ Իսկական կյանքը այստեղ է՝ քաղաքի լույսերի մեջ։ Ուր չկա «ամոթ է», «կտեսնեն», «հարգանք ունեցիր, մեծը սխալ լինել չի կարող», «չի կարելի», «դա հակառակ է մեր ադաթներին», «այդպես չէ, այսպե՛ս է», «դու սխալ ես», «այսպես ես անելու», «այստեղ ես գնալու», «մի խմի», «բավական է», «ասում էի՛, չէ՛…»ու անվերջ նման խրատներ։ Այստեղ նա իմացավ ինչ է նախնադարյան օրենքներից ու ծնողների հսկողությունից ազատ լինելը։ Շունչ քաշեց ու տրվեց հաճույքներին։ Այս տասնհինգ տարվա ընթացքում տեսավ ի՛նչ է իսկական կյանքը։ Հետամնաց գյուղացիները թող փտեն իրենց ադաթների մեջ։ Շատերը երազում են ունենալ գոնե կեսը այն վայելքներից, որ ունի նա ամեն օր։ Մայրը ասում է «փչացած շրջապատ»։ Փչացա՛ծ… խեղճ կին երանի ամեն մեկը ունենա Արտեմի ու Արազի նման ընկեր։ Ի՜նչ օրեր են անցկացրել իրենք։ Հենց այդ ընկերության շնորհիվ ինքը տեսավ ի՛նչ է փողը՛, ի՛նչ է, երբ կոպեկները չես հաշվում, ուտում ու խմում ես ինչքան սիրտն է ուզում։ Այո աշխատանքն էլ դժվար է ու դրա հետ կապված մութ գործեր էլ կան, սակայն անհնար է լավ ապրել ազնիվ գործով, դա երեխաներն էլ գիտեն։ Ինքը միայն մեքենաներ բերելով է զբաղվում, մնացածը ինչ են բերում այդ ավտոներով իրեն չի վերաբերում։ Հիշեց ինչպես քիչ մնաց կալանավորեին իրեն ու կորցնեին ապրանքը, սակայն Արազը կաշառեց ում որ պետք է ու իրեն արձակեցին։