Այդ օրվանից սկսած լուռ հետևում էր Սանամին։ Երբեմն թվում էր նույն Սանամն է, երբեմն՝ մի անծանոթ։ Փոխվել էին նույնիսկ նրա շարժուձևը ու խոսելակերպը։ Դարձել էր չափահաս օրիորդ հարյուր տարեկանի մտածելակերպով․ Կառլենը քանի անգամ որոշել է մոտենալ խոսել հետը։ Բայց մի բան հետ էր պահում։ Վախենում էր խոսելով սիրո մասին խախտել այն կապը, որ նոր է ամրապնդվում իր ու քրոջ միջև։ Զգուշանում էր ցավեվնել Սանամի զգացմունքները։ Ասե՞լ մորը։ Բայց դա ավելի վատ կլինի։ Սանամը կարող է ընդունել դա որպես դավաճանություն։ Նեղանալու է, որ բոլորը գիտեն ու խոսում են իր սիրո մասին։ Չէ ո՞ր դա գաղտնիք է, միայն իրենն է, ու ամաչելու է խոսել դրա մասին։