Մի զգացմունք կա, որ մինչ օրս անուն չունի`ցավի ու հաճույքի խառնուրդն է դա: Պարոնին հաճույք էր պատճառում հույսը, որ Լիլին կարող է փրկվածների թվում լինել, սիրտը ուժգին բաբախում էր մտքից, որ շուտով կգրկի նրան ու էլ երբեք բաց չի թողնի, բայց հաջորդ պահին աչքերի առաջ հայտնվում էր կրակը, որ հարյուրից ավելի կյանք տարավ իր հետ, ու սիրտը կծկվում էր անտանելի ցավից: Անորոշության մեջ լինելն ուրախալի է նրանով, որ թույլ է տալիս հուսալ ու երազել, բայց նաև տանջալի է, որովհետև չգիտես դեռ, արդյոք իրականությունը սպասելիքներդ կարդարացնի:
Նա մի կողմ դրեց սառույցով լի տոպրակը, հանգստացնող հաբ խմեց ու գրեթե վազելով հյուրասենյակ հասավ: Հեռուստացույցով արդեն ինչ-որ սիրային կոմեդիա էին ցույց տալիս:
Նա նյարդային շարժումով արագ-արագ փոխում է ալիքները: Վերջապես կանգ առավ մեկի վրա:
–…Նրանք, ում հաջողվել է կենդանի մնալ, երեք ժամվա ընթացքում ուրիշ ինքնաթիռով ետ կուղարկվեն Փարիզ: Զոհվածների հարազատներին ցավակցություն ենք հայտնում:
Պարոնը անջատեց հեռուստացույցն ու վերարկուն վերցնելով շտապեց օդանավակայան, որ այնտեղ սպասի Լիլիին, անգամ եթե նրան էլ երբեք վիճակված չէ վերադառնալ…
2004 թվական, մարտի 12
Թանկագին օրագիր, ես Լիլին եմ ու այսօր դարձա հինգ տարեկան: Եթե դեռ չես կռահել, դու ծնունդիս նվերն ես: Պապիկս քեզ տարիներով պահել է իր գրադարանում, իսկ հիմա իմ ձեռքերում ես: Մենք երկուսս էլ գեղեցիկ ենք, ու վստահ եմ, որ կընկերանանք: Իդեպ, ես միայն պապիկիս կարդացած գրքերից գիտեմ, թե ինչ է ընկերը: Շրջապատում իմ տարիքի երեխաներ չկան, կամ էլ կան, պարզապես դեռ չեմ հասցրել նրանց հանդիպել: Ես ապրում եմ Ֆրանսիայի սահմանամերձ գյուղերից մեկում`ծնողներիս, քույրիկիս, եղբորս, տատիկիս ու պապիկիս հետ: Բնության գրկում լինելը շատ լավ բան է: Փարիզում բնակարան ունենք, բայց պետությունը պատերազմից հետո մեր ընտանիքին հող է նվիրել, ու հայրիկս մեզ այստեղ է բերել, որ այն վերաբնակեցնենք: Մեր տարածքը ցանկապատով առանձնացված է գյուղի մյուս տներից, ներսում հիսունից ավելի թթի ծառեր կան, ճոճանակ, երեք ավերակ, որոնք հայրիկս փորձում է վերանորոգել: Մենք բնակվում ենք շատ մեծ վրանում, որի միջով անձրևների ժամանակ ցեխաջրի գետեր են հոսում: Ձմռանը շատ ցուրտ է լինում, չնայած վառարան ենք դնում, բայց ամռանն այստեղ իսկական դրախտ է:
–Լիլի, տորթդ կլղոզես թղթին:
–Կներես, մամ:
Ես շատ գեղեցիկ մայրիկ ունեմ: Նա ինձ վրա համարյա ուշադրություն չի դարձնում`չհաշված այն դեպքերը, երբ առիթ եմ ստեղծում, որ նկատողություն անի: Ես շատ եմ սիրում ծնողներիս, բայց նրանք ժամանակ չունեն ինձ համար.միշտ զբաղված են, ու երբ ուզում եմ զրուցել հետները, նույնիսկ վրաս չեն նայում: Հայրիկիս ավելի շատ եմ սիրում, որովհետև խիստ չի իմ հանդեպ, երբեք չի ծեծում ու պաշտպանում է: Մայրիկիս համար ես դատարկ տարածք եմ: Նա իր կամքով երբեք չի գրկում ու համբուրում ինձ, իսկ ես ամաչում եմ առաջինը մոտենալ: