Սերը Յուպիտերի վրա - страница 27

Шрифт
Интервал


–Դուք եք արժանի բռնել նման զգեստ կրողի ձեռքը…

Ես նրա վզովն ընկա ու համբուրեցի:

–Դե փոխվիր, որ քայլելու գնանք, իսկ նոր զգեստդ զգուշորեն պահիր, մինչև հյուրանոց հասնենք:

Ես չռեցի աչքերս:

–Բայց ես ուզում եմ նոր զգեստով քայլելու գալ: Ձեր նվերը ընդունում եմ, որ առաջնահերթ Ձեզ համար գեղեցիկ լինեմ ու ոչ միայն չեմ պատրաստվում զգեստը զգուշորեն պահել, այլև հյուրանոցում դրանով եմ շրջելու:Սիրելի տղամարդու համար գեղեցիկ լինել ամենուր է պետք…

Արդեն մթնել էր, երբ հասանք քաղաքի արվարձաններից մեկը: Տեղանքն ինձ ռոմանտիկ թվաց, բայց ամենից շատ մոտակայքում երևացող կարուսելներն ուշադրությունս գրավեցին:

–Եկեք կարուսել նստենք,-թռչկոտեցի ես:

–Նստիր, եթե ուզում ես,-հառաչեց նա:

–Բայց ինչու չեք ուզում հետս զվարճանալ?-հարցրի ու ակամա լեզուս կծեցի:

Երևի չպիտի նրան այդպիսի բան առաջարկեի: Յուրաքանչյուրն էլ Պարոնի փոխարեն իրեն վատ կզգար: Ես մոռանում եմ, որ կողքիս ինձ հասակակից մեկը չի կանգնած, ով իմ ամեն հետաքրքրություն պատրաստ է կիսել: Ակամա ուրախացա,որ մենք ամուսնացած չենք: Ինչքան էլ` նա իր տարիքի համեմատ երիտասարդ է երևում ու շատ հարցերում ազատամիտ է, մեր միջև անդունդ կա, ու այն խորն է…

–Լավ, փոշմանեցի, եկեք շարունակենք քայլել,-կայտառացա ես:

–Չէ, արի կարուսել նստենք: Մարդ չկա շրջակայքում, ինձ ազատ կզգամ:

–Եթե լիներ էլ, ինձ թվում է`արտասովոր ուշադրություն չէր դարձնի: Մարդիկ երեք վայրկյան քեզ են նայում, մնացյալ հարյուր տարին`իրենք իրենց…

Մենք նստեցինք ամենաանվտանգ կարուսելը: Այն պտտվող էր, իսկ ամեն նստարանին կարող էր երկու հոգի տեղավորվել:

Չնայած ամրագոտի էի կապել, բռնեցի Պարոնի ձեռքն ու ամուր գրկեցի նրան: Ոչ մի ամրագոտի չի կարող սիրելի մարդու ձեռքերի հետ համեմատվել: Նրա գրկում է միայն, որ ես ինձ լիարժեք պաշտպանված ու ապահով եմ զգում:

Երբ իջանք կարուսելից, երկուսիս տրամադրությունն էլ բարձր էր: Ոչինչ այնքան չի մոտեցնում մարդկանց, որքան համատեղ ապրած վառ զգացմունքները: Մենք սովորականից ավելի ջերմ ենք իրար գրկել ու սովորականից ավելի բարձր ենք զրուցում: Սովորականից ավելի երջանիկ ենք երևի…

Պաղպաղակ ուտելով` մոտակա այգին հասանք ու որոշեցինք հյուրանոց գնալուց առաջ մի փոքր դադար առնել:

–Տեսաք, ինչ լավ եղավ, որ կարուսել նստեցինք: Ինձ շատ դուր եկավ: Հաճույքից սիրտս շատ արագ էր բաբախում ու անկախ ինձանից բարձր ծիծաղել էի ուզում:

–Ես քեզ այսօր սովորականից ավելի շատ եմ սիրում,-ժպտաց նա:

–Ես էլ Ձեզ…

–Քեզանից չի, որ չհարցրիր, թե ինչու:

–Եթե մի բան առանց բառերի էլ հասկանում ես, իմաստը որն է հարցնելու?-ծիծաղեցի ես: