Արամը ծանր շունչ քաշեց։ Անշշուկ բարձրացավ, հագնվեց ու մտախոհ նայեց անշարժ պառկածին։ Ինքը պիտի գնար, չի կարող մնալ։ Կմնար, եթե հանգամանքները ուրիշ կերպ դասավորվեին։ Ինչպես նորմալ տղամարդ կվերցներ իր վրա պատասխանատվության բաժինը, գուցե և կամուսնանար․․․ բայց Արամը չի կարող, որովհետև ինքը արդեն ամուսնացած է։
Երևի մի քսան տարեկան եղած ժամանակ ուրախությունից ցատկոտելու էր, որ զրկել կուսությունից մի հիմար աղջկա, բայց հիմա միայն բերանը ծռեց, թվաց թե իրեն օգտագործեցին հանցագործության մեջ ինչպես անուղեղ գործիք։ Հոգում խլրտաց վիրավորված արժանապատվության զգացմունքը։ Բա ի՞նչ, պիտի ուրախությունից պարի, որ իրեն է ընտրել։ Գու՞ցե պետք է հպարտանալ, որ բոլորի միջից իրեն բախտ վիճակվեց լինել առաջինը։ Խորթ էր նրա կերպարանքը ակումբի կիսախավարին։ Այնքան էր հարբել, որ ինքն իրեն չէր ճանաչում։ Ինչու՞ այդպես վարվեց։ Ուրիշները չեղածը կարում են, իսկ այս հիմարը ունեցածն էլ քամուն տվեց։ Հիշեց կնոջը, իրենց ամուսնությունը, ինչպես ինքը գլուխը բարձր հպարտ քայլում էր։ Այս գիշեր մի ուրիշ հայ տղա զրկվեց այդ իրավունքից։ Հիմա դու տուն տանելու աղջիկ չես։ Ետուառաջ քայլեց։ Գուցե արթնացնել, հարցնել ով է, ինչու խորտակեց իր ապագան։ Բայց, stop վերջապես ինչու՞ է ինքը այսքան մտածում։ Իր ի՜նչ գործն է, որ մի անծանոթ աղջիկ որոշել է փոփոխություններ անել կյանքում։ Նա ինքը մտավ առաջին տեսածի ծոցը, ուրեմն ինքն էլ մեղավոր է։ Արա՜մ, հանիր յափնջին ուսերիցդ։ Ի՜նչ ուզում է թող անի, ափսոս ազգի պատիվն են գցում սրա նմանները։ Վերցրեց զարդասեղանից հեռախոսը։ Կինը զանգել է հազար անգամ։ Զգուշացրել էր չէ՞, ասել որ գործ ունի, ուշ է գալու։ Երևի աղջիկներն են ստիպել մորը զանգել։ Պապան ու՞ր է, պապան ու՞ր է։ Կծեց շրթունքները։ Մոտեցավ քնած օրիորդին։ «Ամեն ինչդ տեղին էր։ Ի՞նչդ էր պակաս։ Դե եթե և պակաս էր, հիմա լրացավ։ Հուսով եմ գոհ ես»։