Արմենը նստեց աթոռին ու մտահոգ նայեց երիտասարդի վիրահատությունից հետո գունատ դեմքին։ Հետաքրքիր բան, իրեն ոչի՜նչ չի եղել, իսկ այս տղան ջարդուփշուր է, աջ ձեռքը, ոտքը, երեք կող, էլ ի՜նչ մնաց․․․ Հարազատներն էլ Հայաստանում չեն։ Նրանք նույնիսկ չգիտե՛ն կատարվածի մասին։
–Ձեզ չասացի՞ն մնա՛լ պալատում։
Արմենը սթափվեց մտքերից ու նայեց անդուր ձայնի կողմ։ Դռան արանքում ցցվել էր նույն բժիշկը որն ուղարկել էր իրեն հիվանդասենյակ։
–Դուք այստեղ գտնվելու իրավունք չունեք։
–Նա այստեղ ոչ մեկ չունի,—փորձեց արդարանալ Արմենը։
–Դուք նրան կարող եք վնասե՛լ․․․ կես ժամ առաջ նա բարդ վիրահատություն է ունեցել, իսկ դուք մուկնուկատու եք խաղում։
Արմենը դուրս եկավ ու այլևս չեկավ Կամոյի մոտ։ Միայն խնդրեց իրեն տեղյակ պահել, երբ նա ուշքի գա։ Երկար չանցած բուժքույրը հայտնեց, որ երիտասարդը աչքերը բացել է։ Արմենը անհապաղ շարջվեց նրա հիվանդասենյակ ու բուժքրոջ հետևից մտավ մեջ։
Երիտասարդը թույլ էր, սակայն ժպտում էր։ Նրա լուսավոր աչքերը մի պահ խոնավացան, հազիվ շարժելով շրթունքները շշնջաց․
–Ձե՜ռքս․․․ կկարողանա՞մ նվագել․․․
Արմենը քիչ մնաց ծիծաղեր։ Հազիվ է ազատվել մահվան ճիրաններից, հարցնում է նվագելու մասին։ Բայց հոգու խորքում լավ էր հասկանում նրան։ Զրկվել տաղանդից, որը քո էությունն է, մահվան է հավասար։