Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼՆ է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ»-ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «զգում» ենք «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում է կյանքի միակ իմաստը:
Երբ ես «զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը… Ճանաչելով այն` սկսում եմ ավելի լավ տեսնել… Տեսնել այն, ինչը նախկինում ինձ համար տեսանելի չէր: Տեսնում եմ կյանքը իր տարբեր գույներով ու երանգներով, ընկալում եմ այն իր ողջ գեղեցկությամբ և սիրում եմ… Սիրում և տենչում եմ առավել, քան նախկինում… Եվ ուզում եմ, միշտ ուզում եմ այն ավելի լավ ճանաչել: Ես այսպիսին եմ սիրում կյանքը` լի զգացմունք առաջացնելու հնարավորությամբ յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր պահի, իսկ ինձ համար միշտ «այստեղ և հիմա»:
Կյանքը նվեր է… Չէ՞ որ մենք այն չենք վաստակում, այլ պարզապես ստանում ենք… Մեծագույն նվեր Աստծո կողմից… Եվ որքա~ն հաճախ ենք մենք (բոլորս) պահում այդ նվերը մի խորը դարակում` նրա օգտագործումը մշտապես վաղվան հետաձգելով` չմտածելով, որ այն կարելի է կորցնել յուրաքանչյուր պահի և անգամ` առանց օգտագործելու:
Կյանքը մեզ տրված նվերներից միակն է, որը քիչ օգտագործելու դեպքում ավելի ուշ չի մաշվում: Ուստի, այս նվերի միակ իմաստը նրա օգտագործման մեջ է… Եվ եթե սիրում ես կյանքը, անպայման ԱՊՐԻՐ:
Սիրո` այդ երկնային զգացմունքի ծնողները միշտ էլ հասարակ են. պարզ ու երկրային: Երբեմն գեղեցկությունն է նրան կյանք տալիս, հմայքը կամ խելքը, գեղեցիկ պահվածքը կամ հաճելի ձայնը… Անշուշտ դա էական էլ չէ: Սերը կարող է տարբեր երևույթներից ծնունդ առնել, բայց մի ընդհանրություն այնուամենայնիվ կա. սերը հույսով է ծնվում: Ծնողները, սիրուն կյանք տալով, անհետանում են կամ էլ հավերժ ապրում, բայց նրա գործերին էլ չեն խառնվում: Միայն սիրո երկվորյակ եղբայր հույսն է նրան հավերժ ուղեկցում ու միշտ պաշտպանում: Որպես երկվորյակ եղբայրներ` սերն ու հույսը իրար կորստին չեն դիմանում, բայց, սովորաբար, հույսը սկզբում է մեռնում: Սերը հավե՞րժ է… Հավերժ է այնքան, որքան և հույսն է հավերժ: Իսկ հույսն ինքնին համառ է և տվյալ դեպքում սնվում է ապրելու ցանկությամբ. ցանկությամբ, որը նրան սերն է ներշնչում… Զգացմունքն ապրեցնում է հույսը, ապրեցնում է իր կյանքով, իր ուժգնությամբ և հրաշքի հավատով: Սակայն ինքնապահպանման բնազդն այլ ուղղությամբ է աշխատում. հետևելով սթափ դատողությանը` այն կործանում է հույսը… Իսկ հաղթում է իրականությունը: