Ժամադրություն մտքերի աշխարհում - страница 3

Шрифт
Интервал


Մեռնում է հույսը, սակայն շատ դանդաղ, ինչպես անբուժելի հիվանդությունից, որը «դառն իրականություն» է կոչվում, և սկզբում նրա անբուժելիությանը մենք չենք հավատում: Սիրո առաջին փուլում «դառն իրականության» գոյությունն ենք հերքում. հետագայում էլ, երբ ախտանիշները չափազանց ակնհայտ են դառնում, փորձում ենք այն փոխել… Դիմում ենք փորձով ձեռք բերված «հմուտ բժշկին»` «հմուտ բժշկին» ինքներս մեր մեջ, և աղերսում ենք` «օգնի~ր»… Պատասխան չենք ստանում, և լռությանը դրական պատասխանի նշանակություն տալով, հույսի՝ անհիմն ու անիմաստ, մեզ չարչարող կյանքն ենք երկարացնում:

«Հմուտ բժիշկը» մեր մեջ մեզ վերջապես պատասխան է տալիս. «Բավական է, անիմաստ է… Դառն իրականությունը երբեք չի փոխվի»: Հասկանում ենք մենք.

«Հիվանդությունն անբուժելի է, հույսը` դատապարտված»: Եվ այն մեռնում է… Բայց դանդաղ ու խաբուսիկ մահով. կարծես մեռնում է, հայտարարում է իր մահվան մասին… Սգում է նրա մահը սերը, որը մոլոր ու «անհույս» դեգերում է: Հոգեկան ցավը տանջում է այնպե~ս ուժեղ… Սերն իրեն դատապարտված է զգում հավերժ կյանքի «անհույս»… Բայց այդպես չի լինում` հույսը դեռ ողջ է: Նա բազմաթիվ կյանքեր ունի, և փոքրիկ դարմանն անգամ ունակ է նրան կրկին ու կրկին վերակենդանացնել: Նա նորից ծագում է, նոր ուժ է տալիս սիրուն, նոր ոգևորություն: Եվ այսպես երկար ժամանակ, բազում փուլերով… Սակայն փուլ առ փուլ աննշան չափով հույսն ու սերն իրենց ուժը կորցնում են: Ոտքի են կանգնում «դառն իրականության» հարվածներից հետո, սակայն նախկինը չեն, թեև իրենք էլ դա չեն զգում:

Եվ այդ ամենը այնքան ժամանակ, մինչև «դառն իրականությունը» սպանում է հույսը, իսկ սե՞րը… Սերը չի սգում, նա այլևս ոչինչ չի զգում… Սերն այլևս չկա:

Եվ այնքան զարմանալի ու անսպասելի է թվում իր գոյության համար համառ պայքարող սիրո հանկարծակի մահը: Այն չունի մահվան հստակ վայրկյան, րոպե, ժամ, օր ու ամիս: Ծնվում է նա մեծ աղմուկով, հայտնելով իր գոյության մասին ողջ աշխարհին: Կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ ինքն իր մահն է հայտարարում և իրեն բնորոշ այդ նույն աղմուկով… Ու ստիպում է զգացմունքայնորեն արձագանքել այդ իրադարձությանը, սակայն այդ բազում «մահերից» հետո կրկին ու կրկին իր գոյության մասին իմաց է տալիս այդ նույն աղմուկով ու ստիպում է նորից հաշվի նստել իր իշխանության հետ: Իսկ երբ իսկապես մահանում է, անում է դա այնպես լուռ… Եվ նկատում ենք նրա մահը, երբ նա արդեն վաղուց չկա, և սովորաբար պատահաբար ենք նկատում: Չենք թաղում նրան և չենք էլ սգում… Ուղղակի չենք հիշում: Քնել է նա խորը քնով, թե՞ անդառնալիորեն վերացել` ոչ ոք չգիտի: