Ճիշտ որոշումն այն է, որն առավելագույնը բխում է քո իսկ էությունից…
Քո որոշման մեջ ոչ մեկին մի´ լսիր, ոչ մեկին նաև դիտմամբ մի´ հակադրվիր…
Լսի´ր ինքդ քեզ ու սխալվելուց էլ մի´ վախեցիր… Փորձի´ր ու հիշիր` երբեմն որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը:
Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները… Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ եմ, փոստատար… Հասցնում եմ Ձեզ նրա կարգադրությունները: Իմ խնդիրը նրան լսելն ու ճիշտ հասկանալն է, իսկ նա շատ պարզ է խոսում. հաճախ գոռում է, թեև երբեմն էլ ցածր է խոսում, նույնիսկ` շշուկով: Սակայն նրա ցածր ձայնը արդարացում համարելով` ասել, որ այն «իբր չի լսվում» նույնն է, ինչ արհամարհել նրան: Իսկ նա արքա է և նման պահվածքը երբեք չի ներում… Միշտ պատժում է:
Այո, սիրո ոլորտում սիրտը արքա է. ուստի, որոշումներ կայացնելու լիազորությունը միայն իրեն է պատկանում: Ես այս հարցում անզոր եմ: Եվ իմ կողմից կատարված ցանկացած փորձ կառավարելու նրան այն ոլորտում, որը միայն իրենն է, իմ և այլոց համար պատուհաս է դառնում, իսկական դժբախտություն… Սիրտը չի սիրում, երբ իրեն փորձում են լռեցնել, համոզում են, վիճում են նրա հետ, որքան էլ տրամաբանական և հիմնավոր լինեն փաստարկները… Տանել չի կարող, երբ իր ձայնին խառնելով արտաքին աղմուկը (ուրիշների խորհուրդներ և այլ արտաքին ազդեցություններ) իր խոսքերն աղավաղում են… Սիրային հարցերում մենաշնորհն իրենն է, և նրա միակ կոչումը հրամայելն է, իսկ նրա հետ համերաշխ ապրելու միակ ուղին` ենթարկվելը… Հակառակ դեպքում այս արքան դաժան է դառնում. իրեն չհնազանդվելու յուրաքանչյուր րոպեի համար պահանջում է հատուցում` երկարատև տառապանքներով: Նա ավելի վրեժխնդիր և իշխանատենչ չէ, քան մեր կյանքը կառավարող մյուս արքաները: Պարզապես, արդարացիորեն միայն իրեն պատկանող ոլորտի գործերին այլ արքաների միջամտությունը նա չի հանդուրժում… Եվ երբ մեր կյանքը կառավարող մյուս արքան` բանականությունը, փորձում է ներխուժել սիրո ոլորտ` թելադրելով իր օրենքները և առավել ևս, երբ հաղթանակ է տանում, սիրտը մեծ ցավ է ապրում և կսկիծը հավերժ պահելով իր ներսում` անվերջ տանջում է մեզ:
Այդպես վրեժ է լուծում: Կյանքի մյուս ոլորտներում սրտի և բանականության մրցակցությունը բնական է, առողջ և արդար, բայց ոչ սիրո հարցում: Սերը սրտի տոնն է:
Սիրտը քմահաճ է, կամակոր, անհամբեր, անտրամաբանական և անկանխատեսելի, երբեմն` փոփոխական, երբեմն էլ` կայուն իր նախասիրություններում և շատ համառ: