Ոմն Էշաստանում ավանակները դժգոհություն հայտնեցին թագավորին, թե նա «անխելք ու անպիտանի
մեկն է, վատ է ղեկավարում» ու պահանջեցին գահը զիջել ավելի արժանավորին։
– Իսկ միթե՞ իմ տեղը մի ուրիշ էշ չի նստելու, չի թավլելու մոխրի մեջ, չի զռռալու ու աքացի չի տալու,– հարցրեց արքան։
– Այո,– ասացին,– այդպես է։
– Այդ դեպքում ձեզ համար ի՞նչ տարբերություն, թողեք ես էլ հանգիստ տիրեմ։ Որտեղի՞ց ձեզ համար հիմա «առյուծ արքա» գտնեմ։
26.02.2018 թ.
Մի օր շունը անտառում հանդիպում է գայլին ու հեգնանքով հարցնում է.
– Լսի՛ր, գայլ ախպեր, վաղուց էի ուզում հարցնել, ի՞նչ ես անընդհատ գիշերները նայում լուսնին ու անտեղի ոռնում։
– Գանգատվում եմ։
– Ու՞մ։
– Ճակատագրին։
– Ինչու՞։
– Որ ոմանց հավայի (անտեղի) հաչելու համար հաց է տալիս։
23.03.2018 թ.
Բնակարանում ձմեռող ցեցը դիմում է տանտիրոջը.
– Լսի՛ր, բայց ի՜նչ քցիբ մարդ ես, մի մուշտակը ի՞նչ է, որ կնոջդ համար չես առնում։
8.01.2019 թ.
Երբ ոչխարների բուրդը երկարեց, հովիվները սկսեցին խուզել նրանց:
– Էլի տնտեսական ճգնաժամ է սկսել,– սկսեցին քննարկել ոչխարները, սրսփալով ցրտից:
10.02.2019 թ.
Ոչխարների հոտը կիսեցին. մի մասը տարան սպանդանոց, իսկ մյուսը՝ թողեցին արոտավայրում:
– Ինչ լավ է,– վխկտացին մնացածները,– այսուհետև խոտը առատ է լինելու:
5.03.2019 թ.
«Դավադրության տեսությունը»
Գառնուկը հարցնում է մորը.
– Այդ ճշմարի՞տ է, որ երբ մեծանանք, հովիվներն ու շները մեզ ուտելու են:
– Չէ, բալես, դա «դավադրության տեսություն» է, նման հիմարությունների մի հավատա, գայլերն են հորինել, որ տարաձայնություններ մտցնեն մեր հոտում և օգտվեն դրանից:
16.03.2019 թ.
Հովիվը դիմում է հոտին.
– Իմ հոտի հպարտ ոչխարներ, ուզու՞մ եք այսուհետև լավ ապրել։
– Բաա՜, բաա՜, բաա՜,– արձագանքում են այս ու այն կողմից։
– Ուրեմն այսպես ենք անում։ Ամեն մի ոչխար, օրը մի խոտ պիտի տնկի։ Այդ մի խոտը հաջորդ տարի կդառնա 100, մյուս տարի 10 000, ևս մի տարի՝ միլիոն, իսկ հինգերորդ տարում կունենանք 10 միլիարդ թարմ ու հյութեղ խոտ։ Հա, չմոռանաք էդ տասը միլիարդը բազմապատկել 365 օրի և ձեր գլխաքանակին։