Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների: Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան՝ չդարձնելով բամբասանքների պատճառ: «Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտածելակերպը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթն իրեն լավ էր զգում «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր, ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Արթնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հազիվ էր կառավարում մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է՝ փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:
– Էս էլ ձեր կոֆեն, – սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, – Ծանր օր էր, հա՞, Դավիթ ջան:
– Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:
– Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկն առնես:
– Առել եմ մամ ջան, առել եմ:
– Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, – փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, – Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:
– Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը-մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահպանեք:
Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից` առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:
– Վի՞գ:
– Հա՞:
– Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:
– Ի՞նչ տղամարդ:
– Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:
– Չասե՞ց, թե ինչ գործ:
– Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:
– Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքի մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:
Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել, բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ դիպլոմ ուներ, ոչ էլ, գոնե, վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինքն իրեն ինչպե՞ս պիտի ներկայացներ: Թերևս, եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել: