Սատանան մայրամուտին - страница 3

Шрифт
Интервал



– Յա, – Դավիթին այդքան վաղ հանդերձարանում տեսնելով զարմացավ Արմենը, – Էս էսօր սմենչիկներով որոշել ենք շուտ գանք, հա՞:


– Ոնց որ, – ծիծաղեց Դավիթն ու ձեռքով բարևեց Արմենին:


– Խեր ըլնի, էս ի՞նչ խաբար ա:


– Եսիմ։ Սովորական ժամին դուրս եկա, բայց շուտ տեղ հասա:


– Էսօր գազան օր ա սպասվում: Տենաս, թե ախպերդ ինչ ծիտիկ ա բերում: Արդեն խոսացած ա: Տասներկուսն անց կես ստեղ ա: Մարգո-մուրգո զգուշացնում ենք ու մեր կայֆերով:


– Ա՞րմ…


– Ի՛, – զարմացած Դավիթին նայեց Արմենը, – Լսար` ի՞նչ ասի:


– Լսեցի: Բայց ուզում էի ուրիշ բան հարցնեի: Անցած սմենին քեզ մա՞րդ չի մոտեցել:


– Ի՞նչ մարդ:


– Աշխատանք չե՞ն առաջարկել:


– Ու՞ր էր ինձ տենց բախտ: Բայց դժգոհել-մժգոհել չկա: Էսօր մեր օրն ա: Շեֆը ախպոր հետ Դուբայ ա գնացել: Իսկը վախտն ա: Ռուբոյին էլ մի շիշ արաղ ենք տալիս, ձենը կտրում ա:


Ու Արմենը՝ հագնելով համազգեստը, դուրս եկավ հանդերձարանից: Դավիթը դրան էլ սպասում էր: Չէր ուզում Արմենի մոտ խոսել: Հարկ չկար նախօրոք ասել հեռանալու իր մտադրության մասին: Նախ հարկավոր էր ամեն ինչ ճշտել, համոզվել, որ այն պարոնը կընդունի իրեն, հետո նոր հաշիվները մաքրել «Շյուղերում»:


Նա համազգեստի գրպանից հանեց հեռախոսահամարով թերթիկը և բջջայինի վրա հավաքեց համարը:


– Ալո, – պատասխանեց ծանոթ ձայնը:


– Բարև ձեզ: Դավիթն է: Դուք ինձ «Շյուղերում» տեսաք և աշխատանք առաջարկեցիք:


– Հա, հա, – միանգամից բացականչեց տղամարդը, – Եվ ի՞նչ: Համաձա՞յն եք:


– Դուք չեք ասել ինձ, թե ինչ աշխատանք եք առաջարկում: Նախ կուզենայի այդ մասին զրուցել:


– Շատ լավ: Մեկ-երկու ժամից էդտեղ կլինեմ: Հերթապա՞հ ես:


– Հա։


Տղամարդն անջատեց հեռախոսը, ու Դավիթը մտքերով ընկավ: Այդ ի՞նչ աշխատանք պիտի լիներ, որ հանուն իրեն կարևոր պարոնը «Շյուղեր» էր գալիս: Մի՞թե իր աշխատանքն այդքան անհրաժեշտ էր: Նա անմիջապես հիշեց իր տեսած Հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նարկոբիզնեսի աշխատակիցները գործի մեջ էին մտցնում իր նման երիտասարդ տղաների, որոնց օգնությամբ կատարում էին իրենց կեղտոտ գործարքները: Ի՞սկ եթե: Եթե նույնիսկ այդպես էր, նա որոշեց համաձայնվել: Մեկ-երկու անգամը վտանգի տակ չէր դնի իրեն: Նարկոբիզնեսում մեծ փողեր են պտտվում: Մի քանի գործարքից հետո նա կունենար ոչ միայն մնացած երկու տարիների ուսման վարձը, այլև գումար ամեն ավելորդության համար: Վերջապես կկարողանար նոր հագուստ գնել իր և մոր համար, տունը վերանորոգել, իր համար նոր հեռախոս գնել, եթե փող մնար, նաև հեռուստացույց ու մոր համար լվացքի մեքենա` խեղճի ձեռքերը ճաքչքում էին լվացքից: Ո՞վ գիտե, գուցե Սաթենիկն էլ ստիպված չլիներ աշխատել և մյուս հարևանուհիների պես ամբողջ օրը սերիալ նայեր ու վայելեր կյանքը: