– Դավիթ, – կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, – Դե արի, հո տաս ժամ չե՞նք սպասելու:
Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:
– Առաջինը ես եմ, – աչքով արեց Արմենը, – Նայու՞մ ես, թե՞…
– Գնամ լվացվեմ:
Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է` հիվանդ է: Ամեն ինչ դրա մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէր: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր, ինչ լոգարանում էր: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:
– Թռար ստուց, – դիմեց նա Դավիթին, – Պտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ` Մարգոն կջոկի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:
Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:
– Է՜ – կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, – Արի, իմ մոտ ա:
Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չէր զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէր ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:
Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:
– Մտեք, – ներսից ձայն տվեց պարոնը:
Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում:
– Փակեք դուռը, խնդրում եմ:
Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Պարոնը լուռ էր:
– Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է:
Տղամարդը նայեց նրան ու ժպտաց:
– Հանիր վերնաշապիկդ:
– Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
– Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:
– Ինչի՞ համար:
– Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:
Դավիթը որոշեց չշարունակել հարց ու փորձը: Վատ բան չկար նրանում, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանզի պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտե, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, փորփրեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա: