Սատանան մայրամուտին - страница 7

Шрифт
Интервал



– Շապիկդ էլ հանիր:


Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:


– Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:

4. Երջանիկ կիրակի

Տիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել․ որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենային տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա»,– պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն եկել այն համոզմանը, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր հնարավորինս շուտ հարս գտնել, այլապես որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակներից մեկը չէր, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:


Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:


– Էս ի՞նչ ա, Դավիթ:


– Մեր համար հագուստ եմ առել, մամ: Ինչքա՞ն պտի էս հին քրջերով ման գանք:


Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչ է գնել:


– Ճիշտ ա, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում ա, չէ՞:


Սաթենիկն ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր, հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր` «Որտեղի՞ց»:


– Բա փողը որտեղի՞ց, այ բալա, – վերջապես իրեն հավաքելով, հարցրեց Սաթենիկը:


– Մի հատ մարդ տվեց: Մնացել էր մեր հյուրանոցում, առավոտը գնալուց հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:


– Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն ետ ա եկել, որ ման գա: Իզուր ես վերցրել: