Հեռվում երևաց ավտոբուսը։
– Մի անգամ էլ հանդիպենք և վերջ, – հանկարծ ասաց կինը։
Տղան լուռ էր։
– Միայն մի անգամ։
– Լավ, – ի վերջո ասաց տղան։ Ուզում էր ասել. «„Ոչ“», բայց, ինքն էլ չիմացավ ինչպես, ասաց՝ «„Լավ“»։
Կինը նայեց նրան լուսաշող աչքերով, շրջվեց, գնաց դեպի կանգառ։ ճանապարհին շրջվեց՝ մի անգամ ևս տղային նայելու, և ձեռքով հրաժեշտ տվեց։ Նա երևի ժպտաց մթան մեջ։
Ավտոբուսը գնաց։ Թուխ ճայը չկար։ Սպիտակ ճայերը չկային։ Տղան մենակ էր։
Ներքևում, ժազռաբեկորներից այն կողմ, երևում էր ծովը։ Ծովն ասես համատարած սև ցել էր, և լուսինը շողշողուն արահետ էր կապել սև ցելերի վրայով… Ընկնես այդ արահետն ու գնաս, գնաս դեպի այնտեղ, ուր ոսկեզօծ արևի ներքո ճվում, ճախրում են ճերմակաթև ճայերը…
=================
Է Ն Լ Ո Ռ ՈՒ Ձ Ո Ր Ն Է…
Ուղիղ քառասուն տարի առաջ չքնաղագեղ մի աղջկա՝ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Հարությունովայի հետ որոշեցինք Բաքվից ճանապարհվել Ղարաբաղ, իմ հայրենի գյուղ՝ Չլդրան, այնտեղից Շահումյանով, Գետաշենով, Գյոգ-գյոլով, Խանլարով, Թբիլիսիով՝ Դսեղ, տեսնելու այն վայրերը, ուր ծնվել, մեծացել էր ինձ համար այնքան պաշտելի Հովհաննես Թումանյանը։
Քառասուն տարի է անցել այդ օրվանից, ինչքան բան է փոխվել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, լավը՝ քիչ, վատը՝ շատ, ինչքան ջրեր են հոսել։ Պարզ է, ավաղ, չկան այլևս բոլոր նրանք, ովքեր տեսել էին Թումանյանին և որոնց հետ մենք բախտ ունեցանք ծանոթանալու այն ժամանակ, լսելու նրանց սրտառուչ պատմությունները մեծ բանաստեղծի մասին։ Այդ հին, անրջական օրերից այս գրառումներն են մնացել սոսկ՝ դեղնած, խունացած թղթերի վրա:
Լ.Ա.
Սանկտ—Պետերբուրգ
2008թ.
…Երբ դանդաղ ելավ, սահեց Մոսկվա-Երևան ճեպընթացը, Քոլագերան կայարանի միակ մայթին մնացինք ես, տասնութամյա իմ ուղեկցուհի Ռիման՝ բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի, և կայարանի կարմիր գլխարկավոր սլաքավարը։
– Ամոթ չըլի հարցնելը, էդ ո՞ւր եք գնում, – ծոր տալով հարցրեց սլաքավարը։
– Դսեղ, -ասացի ես։-Հեռո՞ւ է
– Նայած։ Եթե սպասեք լուսանա՝ մոտիկա, այսինքս՝ կարաք մաշինով գնաք. ժամը տասնմեկին ալաբաշը գնումա։ Թե չէ, դուք գիտեք. հրե՜ն կածանը, էսպես դիք որ գնաք, երեք-չորս կիլոմետր կըլի։
Եվ հիմա քարքարոտ, նեղ կածանը մեզ քաշելով տանում է։ Իսկ ամենուր սև մութ է, անտառները լուռ են, ձորերը ամպերի տակ խոր քնած են ու էլի լուռ են, արդեն հալվում, ցրտում է տաք գիշերը, և այս շուրջ բոլոր լռության, այս մութ խավարի մեջ Դեբեդն է միայն վշշում։
Քայլում էինք մթան մեջ սպիտակին տվող կածանով և լավ էր, որ հատուկենտ աստղեր կային դեռ, լավ էր, որ կիսալուսինը կողքի ընկած գնում էր երկնքով, թե չէ ճանապարհը չէր երևա, իսկ այդ ճանապարհը ժայռերի վրայով էր անցնում, ներքևում ձորեր են՝ անդնդախոր, մթին։