Թ Ու Խ Ճ Ա Յ Ը - страница 2

Шрифт
Интервал


– Չգիտեմ։– Կինը թեթև օրորեց գլուխը, սեղմվեց տղային։– Ասացի ընկերուհուս մոտ եմ գնում։

–Չվախեցա՞ր։

–Եթե կարողանամ այդքան մտածել,-գլուխը տղայի կրծքին սեղմած, դառը ժպտաց կինը։– Չեմ կարողանում մտածել։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Չեմ կարողանում հասկանալ։ Բայց վերջ։ Էլ չենք հանդիպի։ – Տղան իր կրծքին զգում էր նրա տաք շունչը։– Էլ չեմ կարող, էլ ուժ չունեմ, հարազատս, սա վերջին անգամն է, լսո՞ւմ ես…

– Լսում եմ,– ծանր, բայց ժպտադեմ, ասաց տղան։

Կինը գլուխը բարձրացրեց տղայի կրծքից։

–Ինչո՞ւ այսպես ստացվեց,– ասես ինքն իրեն, երազկոտ ասաց նա։– Ես ինձ համար հանգիստ ապրում էի, ինչո՞ւ ամեն ինչ փոխվեց…

Տղան կատակի տվեց.

–Եթե ես եմ մեղավոր՝ ներող եղիր։

Կինը ժպտաց, գլուխը վերստին սեղմեց տղայի կրծքին։ ''Վերջ,– մտքում ասաց նա։– Սա վերջին անգամն է, էլ չենք հանդիպի''։

Հետո մտախոհ քայլում էին ծովափով, և ծովը միալար աղմկում էր։ Հանդիպեցին հաղորդավար ընկերոջ տանը։ Ըկերոջ ծննդյան օրն էր։ Կինն ամուսնու հետ էր։ Ու տղան երբեմն անկարող էր լինում չնայել նրան։ Ինչ –որ անհայտ ու գայթակղիչ բան կար կնոջ մեջ, որ շարունակ իրեն էր ձգում տղայի հայացքը։ Հաճելի, սրտառուչ երեկո էր։ Խմում էին, զրուցում, երաժշտություն էին լսում։ Դեմ-դիմաց էին նստած։ Տղային նույնիսկ մի պահ թվաց՝ դեռատի կինն այդ ժպտաց իրեն, որից ասես արյունը եռ եկավ ներսում։ Հետագայում նա հաճախակի էր մտածում անծանոթ կնոջ մասին։ Ժպիտն էր հիշում հատկապես։ Ամոթխած այդ ժպիտի մեջ աննկարագրելի հմայք կար, որը գերում էր տղային։ Հետո հանդիպեցին փողոցում, պատահաբար։

–Բարև ձեզ,– առաջինը տղան նկատեց, մոտեցավ,– ինչպե՞ս եք։

–Ոչինչ։– Կինը միանգամայն կորցրել էր իրեն, շիկնահար ու նույն ամոթխած ժպիտով՝ նա սքանչելի էր։– Դո՞ւք ինչպես եք։

–Այսպես,– ուսերը թոթվեց տղան, ժպտաց։– Ինչպես տեսնում եք։– Ձեր ամուսինն ինչպե՞ս է։

– Ոչինչ։– Կինն իրեն վատ զգաց, որ մի հարմար բառ չգտավ այդ անհեթեթ ''ոչնչից'' բացի։ Նա, ասես հիպնոսացած, ուղիղ նայում էր տղային, ուզում էր չնայել ու չէր կարողանում։ Տղան զգում էր դա, նեքուստ հրճվում։

Նրանք մնացել էին կանգնած փողոցի մեջտեղը։ Ասելիք շատ կար, թվում էր, բայց կանգնել էին առանց խոսքի ու կարծես ոչինչ չէին գտնում ասելու, բայցև չէին բաժանվում։

–Լավ երեկո էր, չէ՞,– ի վերջո ասաց տղան,– ձեզ դո՞ւր եկավ։

– Այո,-ասաց կինը, – հաճելի էր ամեն ինչ։ Ուրիշ տեղերում սովորաբար խոսում են առօրյա բաներից, շատ դեպքերում կենցաղային անհետաքրքիր, ձանձրալի մանրուքներից, բայց այստեղ ամեն ինչ, իրոք, այլ կերպ էր, միանգամայն այլ այլ մթնոլորտ էր։ Իսկապես որ, լավ երեկո էր։ Դուք ինչո՞ւ բանաստեղծություններ չկարդացիք,– ավելացրեց նա շիկնանքով։