–Ի՞նչ բանաստեղծություններ,– ժպտաց տղան
–Ձերը։ Դուք գրում եք, ես գիտեմ։ Ես ձեզ մինչ այդ էլ գիտեի, շատ եմ կարդացել ու հաճելիորեն զարմացած էի, առաջին անգամ այդպես պատահականորեն տեսնելով ձեզ։
–Շնորհակալ եմ,– լայն ժպտաց տղան։– Ուրեմն դուք ինձ գիտեիք մինչ այդ։ Իսկ հետո, այդ օրվանից հետո, հիշե՞լ եք ինձ։ Գոնե մի անգամ։
–Հիշել եմ,– ցածրաձայն արձագանքեց կինը և շիկնանքն ավելի ծաղկեց նրա դեմքին։
Այդ պահին նա, իրավ, սքանչելի էր։
–Եվ ոչ մի անգամ…– ավելացրեց նա, ակնդետ նայելով տղայի աչքերի մեջ։– Շատ անգամ եմ հիշել։
–Ես նույնպես հիշել եմ ձեզ։ Ընդ որում, հիշել եմ երանությամբ ու երազել երբևէ հանդիպել ձեզ ու ասել այն մասին, որ բազում բանաստեղծություններ եմ գրել՝ նվիրված ձեզ։ Եվ, քանի որ ձեր անունն անգամ չգիտեի, բանաստեղծական շարքի վրա գրված է՝ ''Ձոներգ անծանոթ գեղեցկուհուն'' ։
–Աստված իմ, դուք ինձ բանաստեղծություննե՞ր եք նվիրել։
–Իհարկե։ Ու հույսս չէի կտրում, որ անպայման կհանդիպեմ ձեզ ու կասեմ ձեզ այդ մասին։ Գիտե՞ք ինչ բան է հույսը։ Ծեր մարդիկ ամեն գիշեր պառկում են քնելու՝ առանց որևէ երաշխիքի, որ հաջորդ օրն առավոտյան արթնանալու են, բայց ամեն դեպքում նորից ու նորից զարթուցիչը լարում ենք։ Այ, դա է հույսը, ու ես երախտապարտ եմ Աստծուն, որ հանդիպեցի ձեզ։
–Շնորհակալ եմ,– անակնկալ բերկրանքից հուզված, ժպտաց կինը։– Ուրեմն մենք երկուստեք հիշել ենք իրար։
Այն երեկոյից հետո կինն, իրավամբ, տղային չէր մոռացել։ Շարունակ մտածում էր նրա մասին, և հիմա, պարզվում է՝ տղան նույնպես հիշել է իրեն, բանաստեղծություններ է ձոնել…Կնոջ մտքով չանցավ անգամ, թե տղան գուցե հենց այնպես, մի բան ասած լինելու համար ասաց այդ ամենը, որ դա պարզապես բանաստեղծական վառ երևակության արդյունք է սոսկ։ Ըստ երևույթին, մարդ հակված է կուրորեն հավատալու այն բանին, ինչին որ սրտանց ուզում է հավատալ։
–Զգացված եմ,– կրկին արտաբերեց նա նույն ցածր ձայնով։– Դուք անչափ բարի եք…
Փողոցի մեջտեղն էին, անհարմար էր, կինը դժկամությամբ մի քայլ ետ գնաց։
–Ցտեսություն,– ասաց նա։
–Ցտեսություն,– արտասանեց տղան, մի քայլ ընդառաջ եկավ։– Ես մի բան էի ուզում ասել ձեզ։
–Ի՞նչ,– հետաքրքրվեց կինը։– Ասացեք։
Տղան այդ մասին չէր մտածել, բայց գտավ ելքը.
–Ես այդ բանաստեղծություններն ուզում եմ կարդալ ձեզ։ Չէ – որ անքուն գիշերներ եմ անց կացրել ու երազել՝ կարդալ ձեզ ու լսել ձեր կարծիքն այդ մասին ։ Մի մերժեք, խնդրում եմ, ցավ մի պատճառեք ինձ։ Կհանդիպենք հենց այնտեղ, ուր առաջին անգամ հանդիպել էինք։ Հասցեն, փառք Աստծո, գիտեք։ Նա իմ մոտ ընկերն է, կստեղծենք այն նույն մթնոլորտը, որ կար այն ժամանակ, երաժշտություն կլսենք նաև, ու ես սիրով կկարդամ իմ ստեղծագործությունների շարքը՝ նվիրված ձեզ։ Այսինքն դեռատի մի չնաշխարհիկ գեղեցկուհու՝ որն իր հրայրքով ու հմայքով գերել է հայ բանաստեղծին։