Նրանք բոլորը եկել ու անցել են, իսկ քարերը կան և գետի անվախճան երգի ուղեկցությամբ շարունակում են որպես լուռ հանդիսատես ու վկա հետևել կյանքի այն դրամային, որ խաղացվում է հնամենի գյուղում:
Այդ ավերակների մեջ, այդ մամռոտ քարերի հետ բազմաթիվ սերունդների մանկություններ են անցել խաղերով, ճիչ ու աղմուկով: Մանկական վառվռուն երևակայությունը բազմիցս դրանք կառուցել ու ավերել է, պաշարել ու նվաճել է հնագույն ամրոցը, անթիվ բարբարոս թուրքեր ու գերմանացիներ փռել այդ քարերի տակ:
Շատ տարիներ առաջ Վլադիմիրովկայի դպրոցի միակ ուսուցիչ Բաղյանը այդ ամրոցի բարձունքից էր ուզում կոտորել բոլոր փոգացիներին… Պատճառն այն էր, որ պատմելով 1941թ.-ի մեծ պատերազմում իր կատարած «քաջագործությունների» մասին, երբեմն ոգևորվում ու չափազանցում էր, հետո էլ սկսել էր տարածել, թե Սովետական Միության հերոսի կոչում ունի: Երբ մեր գյուղացիները կասկածել էին և ապացույց պահանջել, Բաղյանն ասել էր.
– Մի լավ ավտոմատ ունենայի, էն քարերի ետևը կանգնեի, փոգացիները գային, շարքով անցնեին, դիփին կոտորեի, նոր կիմանային, թե ով է Բաղյանը:
Ամրոցի արևելյան պատի տակ կանգնած է Սուրբ Հովհաննեսի մատուռը: Մեր մայրերը դժվար պահերին դեպի այդ մատուռն էին ուղղում իրենց հայացքը սփոփանքի կամ արդար հատուցման հույսով:
Մատուռի ներսում կա մի հսկայական խաչքար, որ նախկինում վիշապաքար է եղել: Ըստ մասնագետների, դա վկայում է այն մասին, որ այդտեղ քրիստոնեությունից էլ, սուրբ Նունեից էլ առաջ հայեր են ապրել:
Մեր նախնիները 1830-32թթ. եկել են Արդահանի Գյոլա գյուղից:
Աբուլի ճանապարհով գալով, նրանք սայլերով ու անասուններով անցել են գյուղի հարավ-արևմտյան կողմից, Փարվանա լճից սկիզբ առնող գետի ծանծաղուտով, որովհետև կամուրջ չկար: Ձուկն այնքան առատ է եղել գետում, որ եզներն ու ձիերն են տրորել, սայլերի անիվների տակ են մնացել, ջրի երեսը ծածկվել է սատկած ձկներով: Հետագայում, երբ երիտասարդները դժգոհում էին, թե իրենց պապերը լավ տեղ չեն ընտրել բնակության համար, ավագները ձկների առատության այդ փաստն էին հիշեցնում, թեև այդ առատությունն արդեն գոյություն չուներ:
Մեր հին կամուրջը շինվեց տարիներ անց, այն միացնում էր լճի երկու ափերն այնտեղ, ուր սկիզբ էր առնում գետը: Թեև հասարակ քարերով էր շինված, բայց երևելի մի բան էր թվում իր չորս ակերով, որոնց մեջ գիշեր ու զոր խշշում էր ջուրը: Կանայք այդ ակերի մոտ լվացք էին անում, իսկ երիտասարդները Սև ձուկ էին բռնում քարերի տակից:
Կոլխոզի տարիներին կամուրջից այն կողմ, լճի հանդիպակաց ափին, արհեստանոցներ շինվեցին, այնտեղ էր դարբնոցը իր նշանավոր փուքսով: