Շատ տարիներ հետո, անցյալ դարի 60-ական թվականներին, եկան հիդրոէլեկտրակայան կառուցելու, ամբարտակ շինեցին, լիճը բարձրացավ, արհեստանոցները քանդվեցին, կամուրջը կորավ ջրի տակ ու մոռացվեց:
Մերոնց գալուց առաջ մեր գյուղում ապրելիս են եղել բնիկ հայեր թուրքերի հետ միասին: Հայերը սակավաթիվ են եղել, մի քանի ընտանիք, թուրքերը մշտապես նեղել են նրանց: Նրանք փորձել են ճնշել նաև մեր գյուղացիներին, սակայն չեն կարողացել: Մերոնք ոչ միայն դիմադրել են թուրքերին, այլև հալածել ու գյուղից վռնդել են նրանց: Թուրքերը փախել են Սաղամո, իրենց ցեղակիցների մոտ, այնտեղ պատմել են եղածն ու ասել.
– Ալլահը մեզ ազատեց Չախոյի ու Խնկոյի ձեռքից:
Չախոն ու Խնկոն եղբայրներ էին, Չախոյան ու Տերտերյան ազգությունների նախնիներից, նրանք էին փախուստի մատնել թուրքերին:
Թուրքերի հետ նման ընդհարումներ շատ են եղել և՛ դրանից առաջ, և՛ հետո: Առաքելենց Սաքոն ինձ պատմել է հետևյալ դեպքը իր նախապապի՝ Առաքելի մասին.
Մեր գյուղացիները Գյոլայում էլ թուրքերի հետ համատեղ են ապրել: Երբ որ սկսվում է տեղափոխությունը և առաջին խմբերը սայլերով ճանապարհ են ընկնում դեպի Ջավախք, թուրքերը ծաղրում են նրանց, կանացի վարտիքն իբրև դրոշակ ձողին կապած, ծամածռություններ անելով ուղեկցում են սայլերին: Հատկապես իրենց լկտի էին պահում երկու թուրքեր՝ Ահմեդ և Սայիդ անուններով:
Առաքելը, որ հայտնի էր իր ուժով ու խիզախությամբ, ձեռքը տանում է դեպի դաշույնը, բայց ավագ եղբայրը զսպում է նրան: Նա հարկադրված ենթարկվում է, բայց ասում է թուրքերից մեկին.
– Լավ, Ահմեդ, սպասեք ինձ, ես կգամ:
Տեղ հասնելուց երկու օր հետո նա թամբում է իր Սպիտակ ձին:
Այդ նշանավոր նժույգը նա հեծնում էր բացառիկ դեպքերում: Եկել էր ամենաբացառիկ դեպքը՝ նա պիտի գնար վրեժ լուծելու թուրքերից: Ոչ ոք չի համարձակվում նրան ետ պահել, բոլորը գործերը թողած լուռ նրան էին հետևում: Մայրը արցունքն աչքերին միայն արագ-արագ խաչակնքում էր…
Առաքելը մութն ընկնելուն պես անցնում է սահմանը և վաղ առավոտվա աղջամուղջի մեջ հայտնվում Ահմեդի տան կտուրին: Պարանով իջնում է երդիկից ու կանգնում քնած թուրքի մահճի մոտ.
– Վեր կաց, Ահմեդ, ես եկա:
Թուրքը սարսափահար վեր է թռչում, ձեռքը մեկնում է դեպի հրացանը, որ պատրաստ դրված էր կողքին, բայց նույն վայրկյանին գետին է տապալվում Առաքելի դաշույնի շեշտակի հարվածից:
Նույն սառնասրտությամբ նա հաշվեհարդար է տեսնում երկրորդ թուրքի հետ, և մինչև գյուղը կարթնանար ու կիմանար կատարվածը, Սպիտակ նժույգը լեռներով սլանում էր դեպի սահմանը: Վախկոտ թուրքերը չեն համարձակվում անգամ հետապնդել նրան: