Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 2

Шрифт
Интервал


– Երբեք ուրիշներին չխոստովանես թերությունդ կամ սխալդ, անմիջապես կփոխվի մարդկանց վերաբերմունքը, չունեցածներդ էլ վրադ կբարդեն: Մի անգամ մի վրացի, մեկ էլ մի ուրիշ վրացի…,– ու իր միտքը հաստատող որևէ պատմություն էր պատմում:

Բայց ես ահա խոստովանում եմ՝ հուսալով, որ ընթերցողը ամեն ինչի համար ներողամիտ կլինի, գուցե ների ինձ նաև իմ ընկերը:


* * *

Սիրելի աղջիկս.

Ես միշտ ուզում էի ինչ-որ բան գրել քեզ ուղղված նամակների ձևով, բայց չկարողացա, միշտ հետաձգեցի, և ժամանակն անցավ: Հին ճշմարտություն է՝ ամեն ինչ պետք է ժամանակին անել: Իմ մայրը և քո տատիկը, որի սիրելին էիր դու և որին այնպես հոգատարությամբ խնամում էիր, միշտ հիշեցնում էր այդ մասին: Երբ որևէ մեկը շեղվում էր այդ կանոնից, ասում էր.

– 

Անժամանակ կանչող խորոզ ես:

Այդպիսի խորոզներին սովորաբար գլխատում էին, որովհետև նրանց տարաժամ կանչերը ինչ-որ չար բան էին գուշակում: Կյանքն էլ այդպես պատժում է նրանց, ովքեր հաշվի չեն նստում ժամանակի հետ:

Ես էլ ուշացա, բայց քանի որ շատ էի ուզում ինչ-որ բան գրել քեզ համար, որոշեցի օգտագործել իմ օրագրային հին ու նոր գրառումները, խմբագրել դրանք, որոշ լրացումներ կատարել և ամբողջը դարձնել քեզ ուղղված մի նամակ: Դրանք հիշողություններ են, տպավորություններ ու զանազան խորհրդածություններ՝ գրված առավելապես Ռուսաստանում իմ թափառումների տարիներին:

Ավելի ճիշտ կլինի այդ թափառումներն անվանել կամավոր աքսոր կամ տարագրություն, որովհետև միայն տառապանք ու ցավ բերեցին:

Մեզ բաժին ընկավ մի դժվար ժամանակ ու ծանր ճակատագիր, աղջիկս: Դու ինձ հետ կիսեցիր բոլոր դառնություններն ու միակ սփոփանքս եղար, չնայած քո բացառիկ ազնվությամբ ու բարությամբ ինքդ այդպես խոցելի ես աշխարհի չարության ու կեղծիքի առաջ:

Եվ, չնայած այդ ամենին, չնայած որ ես պատճառ եմ, իսկ դու՝ հետևանք, խուսափեցի այստեղ երախտիքի կամ թողության խոսքերից՝ դրանք համարելով չնչին թատերականություն, որ կարող է միայն վրդովմունք պատճառել քեզ:

Հիշու՞մ ես, երբ մի անգամ հեռախոսով շնորհավորեցի քո ծննդյան օրը, ասացի, թե չանիծես ինձ: Հետո դրա համար էլ զղջացի, որովհետև այդ էլ ինձ թվաց շինծու և վերամբարձ մի բան, թեև չգիտեմ էլ, թե նման դեպքերում ինչ կարող է ասել հետևանքը պատճառին, երախտապա՞րտ լինել իր ակամա ծնունդի և այն մղձավանջի համար, որ կյանք են կոչում:

Գուցե ծայրահեղություն համարես ասածս կամ ցանկանաս առարկել, թե գոյություն ունի որդիական պարտք: Ես գիտեմ, որ բարոյական պարտքն առհասարակ քեզ համար ամենակարևոր բանն է, աղջիկս, բայց համոզված եմ, որ նախ գոյություն ունի ծնողական պարտք, որքանով որ ծնողական մեղք գոյություն ունի: