Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 3

Шрифт
Интервал


Այստեղ եղած կցկտուր հիշողություններս հիմնականում վերաբերում են իմ վաղ մանկությանն ու պատանեկությանը: Պատճառն այն է, որ իմ հոգին միայն այդ հեռավոր հիշողություններն են ջերմացնում, իսկ հետագա տարիներս նման են ականապատ դաշտի, ուր էլ ոտք դնես, ցավ ու աղետ է: Այդ տարիները աշխատում եմ չհիշել:

Ինչքան կարողացա, փորձեցի այս գրառումներս կարգի բերել: Աշխատեցի հատկապես ոճի կտրուկությունը մեղմացնել, սակայն տեսա, որ դա էլ ինձ չհաջողվեց: Այն ամեն տեղ ինձ համար չարիք եղավ, և՛ այստեղ, և՛ կյանքում: Բայց ցավալին այն է, որ եթե գրավոր խոսքը դեռ մի կերպ կարելի է ուղղել, ապա ի՞նչ անես արդեն ասված անհարկի խոսքը, ոչ կարող ես ջնջել, ոչ էլ սրբագրել:

Հավանաբար դու այս թղթերի միակ ընթերցողը կլինես, սիրելի աղջիկս, և կարող ես պահել քեզ մոտ: Սակայն պիտի ասեմ, որ սրանցից օգուտ չկա, կարող են և հուսահատեցնել քեզ, ուստի վարվիր նրանց հետ ինչպես ուզում ես:


* * *

Ժամանակը մարում է մանկության ձայներն ու ջնջում պատկերները, բայց որոշ բաներ Տիրոջ ողորմածությամբ մարդուն ուղեկցում են մինչև վերջ: Ահա այդպես կարծես թե հիմա էլ լսում եմ հորս երգելը:

Իմ կարծիքով լավագույն երգը ոչ թե «բաց պատուհանից հեռվից լսածն է», այլ հորս երգը, երբ անասուններին խոտ էր տալիս գոմում, նստում էր օրհնյալ մսուրի մեջ, այն հնամենի սյան տակ, որի վրա խփված էին իր սիրելի եզան եղջյուրներն ու երգում էր:

Նա այնպիսի ձայն չուներ, ոչ էլ այնպիսի հռչակ, ինչպես, ասենք, Պուտպուտենց Համայակը, Մլայենց Պոտոն կամ Խառաշոյենց Գևորը, բայց ինձ համար նա աշխարհի ամենալավ երգիչն էր: Հայրս երգելիս չէր կլկլացնում, ինչպես ուրիշները, չէր թուրքացնում երգը, ինչ-որ ներքին զգացողությամբ զանազանում էր հարազատն ու խորթը:

Աննման էին նրա «Պարզիր, աղբյուր»-ը, «Թե իմ ալևոր հերքս սևնային»-ն ու «Հասան-ղալա»-ն, բայց եթե բարեգութ Աստված երջանկության մի քանի վայրկյան պարգևեր ինձ, կցանկանայի կրկին լսել հորս «Առավոտ լուսո»-ն:

Նա արթնանում էր շատ վաղ և արթնացնում էր մորս, որ տեսած երազը պատմի: Հստակ ու հանգամանալից երազներ էր տեսնում հայրս: Կարմիր ձի էր տեսնում, որ իր հաստատ համոզմամբ մուրազ էր նշանակում և սլանում էր նրանով դեպի Ամերիկա՝ իր չիրականացած երազը, իր եզներն ու սայլն էր տեսնում, երգելով քշում էր սայլը ինչպես երիտասարդ ժամանակ ու իր ձայնից արթնանում:

Նա պատմում էր երկար, մինչև երդիկից բացվում էր լույսը և երբ գոհ էր լինում երազից ու տրամադրությունը լավ, երգում էր «Առավոտ լուսո»-ն.


Առավոտ լուսո

Արեգակն արդար

Առ իս լոյս ծագեա…


Ինչ որ զգում էի այն ժամանակ կամ ինչ որ հիմա եմ զգում այդ առավոտներն ու երգը հիշելիս, խոսքով արտահայտել անհնար է: