ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - страница 10

Шрифт
Интервал


Եվ աշխատանքը եռաց: Շալով ծածկված արդուկի սեղանիկը ակնթարթորեն վերածվեց նժույգի, սենյակը՝ ճակատամարտի դաշտի: Հայտնվեցին վահաններ, սրեր և այն ժամանակի պատերազմական գործողություններին բնորոշ մնացյալ պիտույքները: Մարմնամարզական ներքնակը դարձավ նավ, որով աքայացիների հունական ռազմի ցեղերը, Միկենեի արքա Ագամեմնոնի գլխավորությամբ, նավարկել—անցնելով Էգեյան ծովը, պաշարեցին Տրոյան: Հույները ժամանել էին գեղեցկուհի Հեղինեի ու Պարիսի՝ Տրոյայի արքա Պրիամոսի կրտսեր որդու գողացած գանձերի հետևից: Հայտնվեցին նաև ռազմիկներ երկու կողմից, Տրոյայի անառիկ պարիսպները, հենց ինքը քաղաքը՝ անմատչելի ամրոցը: Ծավալվեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով շատ քաջարի մարտիկներ զոհվեցին ճակատամարտի դաշտում: Տարիներ անց հույներին հաջողվեց խորամանկությամբ տիրել քաղաքին և կործանել այն:

Դերերը լավ էին սերտել, սակայն Արևիկին դուր էր գալիս երբեմն վերափոխել իրադարձությունները, և աղջիկն ինքն էր հնարում կամ վերաստեղծում սյուժեն՝ կախված իր տրամադրությունից: Այդ ժամանակ խաղի ընթացքում սցենարը վերափոխվում էր, և Արևիկը ինքն էր վերաբաշխում դերերը, ռեժիսորություն անում իրադարձություններում:

Իսկական ներկայացում ստացվեց, որն այնքան կլանեց բոլոր մասնակիցներին, որ նրանք կորցրեցին ժամանակի զգացողությունը՝ իրապես մտնելով իրենց հերոսների կերպարների մեջ: Շատ հետաքրքիր էր ու գրավիչ, բոլորը շատ մեծ հաճույք ստացան:

Եվ հանկարծ Արևիկը հարցրեց.

– Տատի՛կ, իսկ ահաբեկչության ժամանա՞կ էլ են մարդիկ զոհվել:

Առաջին պահին և՛ տատիկը, և՛ Լարիսան պապանձվեցին, տիրեց ճնշող լռություն: Առաջինը տատիկը ուշքի եկավ.

– Ո՛չ, բալի՛կս: Պատերազմի ու ահաբեկչության միջև մեծ տարբերություն կա:

– Ի՞նչ, – շարունակեց աղջիկը:

– Արև՛ս, հազարամյակներ են անցել Տրոյական պատերազմի ժամանակներից: Անկախ այն բանից, թե ում կողմն է ընթերցողների համակրանքը, մենք հիշում ենք դրա մասնակիցներին և հարգանքով ենք վերաբերվում նրանց խիզախությանն ու արիությանը: Նրանց մասին լեգենդներ են ստեղծվել: Նրանց մասին հիշողությունը դարեր կապրի: Մինչդեռ ահաբեկիչները անուն չունեն: Դրանք առանց տոհմի, առանց ցեղի, առանց ազգության մարդիկ են: Նրանց նզովում են բոլորը, քանի որ դրանց գործողությունները անպաշտպան, խաղաղ մարդկանց դեմ են ուղղված, – փորձեց բացատրել տատիկը:

– Նզովո՞ւմ են: Ինչպե՞ս: Կարելի՞ է՝ ես քո ականջին ասեմ: Ասում են՝ «գրողը քեզ տանի՞»: Գիտե՞ս, տատի՛կ, ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ այդ բառերը: Ուզում եմ, բայց չեմ կարող:

– Իսկ դու ասա. «Աստված քեզ հետ»: Ու ամեն ինչ կմոռացվի, անու՜շս, – ասաց տատիկը՝ գրկելով ու գգվելով երեխային: – Իսկ հիմա, ավելի լավ է՝ եկեք ընթրենք: Ես կտաքացնեմ ընթրիքը, իսկ դուք Լարիսայի հետ քանդեք դեկորացիաները և վերացրեք կոտորածի հետքերը: Ծնողներդ շուտով կվերադառնան աշխատանքից, իսկ այստեղ իսկական ջարդ ու ավերածություն է: