Ես ծնողներիս չեմ մեղադրում: Նրանք անհանգստանում են իմ անվտանգության համար, ուստի պահանջում են, որ դասերից հետո առանց ժամանակ կորցնելու տուն վազեմ, որպեսզի ինձ հանկարծ որևէ մեկը չհասցնի նեղացնել կամ առևանգել: Դե գիտես, մեր ժամանակներում մարդիկ ամեն տեսակ չարության ընդունակ են, հատկապես անպաշտպան ու միամիտ երեխաների նկատմամբ: Դրանք, իհարկե, իմ համոզմունքները չեն, որովհետև ինձ հետ երբեք ոչ մի դժբախտություն չի պատահել.իմ ծնողներն են այդպես աշխարհը տեսնում ու ընկալում, իսկ նրանք, անշուշտ, ավելի փորձառու են: Իմ դասարանցիներից շատերը դասերից հետո տուն չեն գնում.մնում են միասին պարապմունքներն անելու: Ես պատկերացնում եմ, թե ինչքան զվարճալի, հաճելի ու ուրախությամբ լի ժամեր են իրար հետ անցկացնում`զրուցում են, ծիծաղում, կատակում, բացի այդ երբ մի գործը միայնակ չես անում, ավելի մեծ է հաջողելու հավանականությունը.մեկը մաթեմատիկայից է ուժեղ, մյուսը`լեզվից, երրորդը հետևում է, որ խոսելով շատ չընկնեն ու տուն արդեն դասերը պատրաստած վերադառնան: Ես էլ կուզեի շաբաթվա մեջ թեկուզ մի անգամ միանալ նրանց, բայց ծնողներս չեն թողնում, որ դպրոցում դասերից բացի այլ հետաքրքրություններ ու ծանոթություններ ունենամ:
–Ներս արի,-դռան մոտից վերջապես լսվեց մորս`տուն հրավիրող խիստ ձայնը:
2009 թվական, հոկտեմբերի 30
Գիշերվա ժամը մեկն է: Մայրիկս ինձ մաթեմատիկա է բացատրում: Մենք բոլոր դասերը միասին ենք անում, ու նա հետևում է, որ ամեն ինչ ճիշտ գրեմ կամ լուծեմ: Մայրս իր ամբողջ ժամանակն ինձ է տրամադրում, շատ ուշադիր է իմ հանդեպ, բայց շատ է ճնշում իր պերֆեկցիոնիզմով: Արդեն կես ժամ է` չեմ կարողանում բաժանման թեման հասկանալ: Մոտս ոչինչ չի ստացվում: Ամեն սխալ թվանշան հավասարվում է քանոնի հարվածի: Մատներս ցավում են, այնքան է մայրս խփել: Քթիցս սկսեց արյուն հոսել…թարսի պես հայրիկը տանը չի, թե չէ կպաշտպաներ ինձ:
2011 թվական, մայիսի 17
Այսօր մեր ֆիզիկայի ուսուցիչը ձախ ոտքի վրա դասարան մտավ: Ես միանգամից ներսումս ճնշում զգացի, որովհետև շատ զգայուն եմ շրջակա աշխարհի հանդեպ: Կարճահասակ, գեր, տարիքով կին է`փարթամ շրթունքներով, խոշոր աչքերով ու կլոր դեմքով: Նրանից մեր դպրոցում բոլորն են սարսափում, որովհետև անկանխատեսելի վարքագիծ ունի, երբեք հնարավոր չի լինում գուշակել, թե տվյալ օրն ինչ տրամադրությամբ դասարան կմտնի: Նա մեր գերազանցիկների միջև հմտորեն մրցակցություն է ստեղծել.ամենաբարձր գնահատականները ստանում են նրանք, ովքեր ոչ միայն օրվա, այլև նոր դասն են սովորում ու իր փոխարեն ուսուցչություն անում: Ես, իհարկե, դեմ չեմ, որ այդ փորձը որոշակի հմտություններ ու անձնային հատկանիշներ է զարգացնում աշակերտների մեջ, եթե միայն չի ձգվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, ինչպես մեր դասարանում է: Ես էլ եմ մտել խաղի մեջ, որովհետև դա միակ ելքն է բարձր գնահատական ստանալու ու ծնողներիս հետ հետագայում խնդիրներ չունենալու`մանավանդ, որ խոստացել են հեռախոս գնել,եթե այս տարի էլ գերազանցիկ լինեմ: Իմ շրջապատում բոլորը հեռախոսներով են շրջում, բացի ինձանից, ուստի ստիպված եմ ծնողներիս սպասելիքներն արդարացնել: