Հազիվ էի ոտքի կանգնել`ողջունելու, երբ ուսուցիչը շնչակտուր մոտեցավ կենտրոնական շարքի առաջին դասասեղանին, որի մոտ ես էի նստած, դրեց երկու պարզած ափերը սեղանի մակերևույթին ու ամբողջ կոկորդով այնպես գոռաց ինձանից մի քանի մետր հեռավորության վրա նստած շատախոս տղաների վրա, որ վախից լեզուս կապ ընկավ.
–Լռություն:
Մի քանի վայրկյան շունչ քաշելուց հետո ափի արտաքին մասը տարավ-բերեց սեղանիս վրայով ու գրենական պիտույքներս գետնին թափեց: Ես, իհարկե, հետո հասկացա, որ այդ ճիչը տղաներին էր ուղղված, որովհետև գոռալու ընթացքում ուսուցչի հայացքն ինձ վրա էր: Պատկերացրու, հանգիստ`առանց մրջյուն անգամ տրորելու, նստած ես տեղումդ ու դասն ես կրկնում, և հանկարծ մեկը կանգնում է ուղիղ դիմացդ, արյունակալած աչքերը հառում վրադ ու մի քանի սանտիմետր հեռավորությունից այնպես ծղրտում, որ աթոռդ դղրդում է: Ու գիտես, ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մեկին տարօրինակ չի թվում ուսուցչի նման վարվելաձևը. բոլորն ընդունում են դա որպես իրերի բնականոն ընթացք:
Մինչ կհասցնեի ինձ հոգեպես կարգի կհրավիրել, որ վախից կաթված չստանայի, ուսուցիչը բացեց մատյանն ու սկսեց աչքի անցկացնել.
–Լիլի, գրատախտակի մոտ:
Վերցրի խնդրագիրքն ու վախվխելով մոտեցա: Կավիճն առա ձեռքս ու սկսեցի խնդրի պահանջը կարդալ: Մի անգամ բարձրաձայն ընթերցելուց ու ոչինչ չհասկանալուց հետո ստիպված եղա ուսուցչի վայրկյան առ վայրկյան աճող զայրույթի պայմաններում նորից ու նորից փորձել: Մի պահ շրջվեցի ու տեսա դասընկերներիս ծաղրական հայացքները, հուսահատությունից դեմքս հառեցի առաստաղին, գրատախտակին, և ինձ թվաց, որ անգամ դատարկ պատերն են ինձ մատնացույց անում ու բարձր բղավում ՝ չես կարող, չես կարող, չես կարող:
Ուսուցիչը, համբերությունը կորցնելով, ջղայնությունից կծիկ դարձած բռունցքներով մոտ եկավ ու բարձրացրեց ձեռքը`սպառնալով խփել սարսափից գրատախտակին սեղմված գլխիս:
–Քո տեղը մտավոր հետամնացների դպրոցում է,-ճչաց նա`այնքան մոտենալով, որ թքի մի քանի կաթիլ ձայնի ալիքների հետ դեմքիս թռավ:
Ձեռքերս դողացին: Ֆիզիկայի խնդրագիրքը հատակին ընկավ: Վիրավորանքը կուլ տալով` դուրս փախա դասարանից։ Հեռու վազել չկարողացա, որովհետև ոտքերս թուլությունից ծալվում էին. կուչ եկա դռան մոտ ու հատակին մնացի մինչև դասամիջոցի զանգը հնչելը: Արցունքները շատրվանի պես դուրս էին ցայտում աչքերիցս: Գլխիս միջով ասես էլեկտրական հոսանք էր անցնում: Ինձ անպաշտպան ու միայնակ էի զգում: Ամբողջ դպրոցում չկար մեկը, ով կհասկանար ու կաջակցեր:
Ինչու են որոշ մարդիկ համարում, որ իրավունք ունեն դիմացինի նկատմամբ բռնություն կիրառել միայն նրա համար, որ մեծ են տարիքով? Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ տարիքն առավելություն չի, որովհետև կյանքը ճանաչելու համար պարտադիր չի հարյուր տարի ապրել, բավարար է պարզապես համացանցը ճիշտ օգտագործել.օգտակար գրքեր կարդալ, ծանոթանալ քեզնից առաջ ապրած մարդկանց կենսափորձին ու հոգեբանություն ուսումնասիրել: