Սերը Յուպիտերի վրա - страница 19

Шрифт
Интервал


«…Ես աշխարհը, մարդկանց տեսնում եմ որպես մի ամբողջականություն: Եթե մարդը թեկուզ մի վայրկյանով կտրվի իր մարմնից ու մտովի տիեզերք տեղափոխվի`մոլորակին, պատերազմներին վերևից նայելու, կսարսափի այն գիտակցությունից, որ երկնքից ոչ իր հայրենիքի սահմանն է երևում, ոչ ազգությունները, ոչ լեզուները, իսկ նրանք, ովքեր որևէ հող գրավելու նպատակով թնդանոթներ են պայթեցնում ու արյուն թափում, կերևան ոչ թե որպես սրբեր, այլ հասարակ մարդասպաններ: Վերևից, սիրելի Պարոն, մարդու արարքներն են միայն երևում, որոնք կամ գեղեցիկ են, կամ արյան հոտ ունեն: Երևույթների իրական արժեքը գիտի միայն նա, ով ստեղծել է դրանք: Մենք հերոս ենք համարում մարդկանց, ովքեր ամենաավերիչ պատերազմների ժամանակ հազար թշնամի ավելի են ոչնչացրել, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, որ այդ արարքը կարող է ամենևին էլ չգնահատվել նրա կողմից, ով արարել է աշխարհը: Չկա ավելի կործանարար երևույթ, քան համոզմունքը, որ դու աշխարհում որևէ բան ունես: Գալու է ժամանակ, որ վերանալու են և պետությունները, և ազգերն ու լեզուները: Գիտեմ, պիտի ասեք, որ մարդու բնույթն այնպիսին է, որ շատ արագ նորից կառանձնանա, ազգ կստեղծի`յուրահատուկ լեզվով, մշակույթով, պետությամբ: Այո, եթե աշխարհի այդ տեսակ միավորումը տեղի ունենա մեր ժամանակներում, երբ մարդկային գիտակցության մակարդակը դեռ չի հասել իր բարձրությանը, անշուշտ, իմ առաջարկած տեսությունը չի աշխատի: Ես խոսում եմ շատ հեռավոր մի ապագայի մասին, որի մեջ ոչ Ձեզ եմ տեսնում, ոչ ինձ, ոչ էլ նույնիսկ մեր հաջորդներին: Ամեն նոր սերնդի հետ մարդկության գիտակցության մակարդակը մի աստիճանով բարձրանում է, ու դարեր, հազարամյակներ հետո անպատճառ գալու է մի պահ, որ մարդիկ ապրելու են որպես մեկ ամբողջական ազգ, պետություն, լեզվի կրող ու մշակույթ: Հետաքրքրական է, չէ`դեռևս հազարամյակներ առաջ մարդկությունը գոյատևում էր որպես մեկ ընդհանրություն, որովհետև գտնվում էր գիտակցության ամենացածր մակարդակում, իսկ հազարամյակներ կամ գուցե դարեր հետո ապրելու է այդպես` արդեն գիտակցության բարձրությունից դրդված: Մենք բոլորս նույն հոգու տարբեր դրսևորումներն ենք, այլ ոչ թե իրարից անջատ, առանձին հոգիներ: Մարդիկ մի օր կգիտակցեն այդ ու կմիավորվեն…»


Ես լարված հետևում էի Պարոնի դեմքի արտահայտությունների հերթափոխին: Զգացի, որ գրածս ծանրացրեց սիրտը, բայց, բարեբախտաբար, չհասցրեց ոչինչ ասել, որովհետև դասամիջոցի զանգը հնչեց ու սենյակում խառնաշփոթ ստեղծվեց: Արագ հավաքեցի իրերս ու դուրս եկա:


2016 թվական, մարտի 22

Հաղթողը Պարոնի հետ ԱՄՆ է մեկնելու: Նրանք գիշերելու են նույն հյուրանոցում, երեկոները միասին զբոսնելու են Նյու Հեյվենի փողոցներով ու լինելու են նաև իմ երազանքների համալսարանում: Համարյա վստահ եմ, որ այդ երջանիկը ես չեմ լինելու, որովհետև շարադրության թեման հայրենասիրությունն էր, իսկ ես գրածիս մեջ գլոբալիզացիա եմ քարոզել: Այնուամենայնիվ, չեմ վախենում երազել: Բարի գիշեր…