Սերը Յուպիտերի վրա - страница 20

Шрифт
Интервал



Ժամը 22:25

Երբ հյուրանոց հասանք, պարզվեց, որ մեզ համար երկուսի փոխարեն թյուրիմացաբար մեկ համար են պատվիրել: Ես արտաքուստ անհանգստություն եմ ցույց տալիս, բայց ներքուստ երջանկությունից ինձ կորցրել եմ. միթե ամբողջ երկու օր Պարոնի հետ նույն սենյակում եմ գիշերելու? Իսկ ինչ, եթե ամեն համարում ընդամենը մեկ անկողին է? Անհանգիստ անցուդարձ եմ անում ընդունարանի միջանցքում, բայց միայն ես գիտեմ, որ դա ոչ թե անհանգստությունն է, այլ երջանկության թիթեռնիկները, որոնք շարունակ լողում են ստամոքսիս մեջ ու խլում հավասարակշռությունս:

Երևի երկար այդպես այս ու այն կողմ կանեի, եթե ետևումս չզրնգար Պարոնի ձայնը:

–Ամեն համարում ընդամենը մեկ անկողին է:

–Իսկ եթե այլ հյուրանոց գտնենք? -լեզուս կծեցի ես`փորձելով ձևացնել, որ այդքան էլ չեմ ուզում նրա հետ գիշերել:

–Ժամը ուշ է,-հառաչեց նա:

–Իսկ այդ մեկ անկողինը շատ է մեծ?-մազերս ոլորելով` ծոր տվի ես:

–Երկու հոգի հանգիստ կտեղավորվեն:

Մեր խոսակցությունն ընդհատեց ընդունարանի աշխատակցուհու բարակ ձայնը, որ դողում էր հոգնածությունից.

–Եթե հնարավոր է, նույն սենյակում տեղավորվեք, մինչև որևէ համար ազատվի:

Պարոնն ինձ է նայում, իսկ ես գործնական հայացքով զննում եմ աշխատակցուհուն ու ցույց տալիս, որ չնայած նրա առաջարկությունն իմ շահերից չի բխում, այնուամենայնիվ, հարմարվել կարելի է:

Մենք վերցրինք մեր իրերն ու բարձրացանք երկրորդ հարկ: Երբ ներս մտանք, Պարոնը գնաց խոհանոց, իսկ ես քայլերս ուղղեցի դեպի ննջասենյակ:

Ես բաց վարդագույն մետաքսե զգեստով եմ ու անհարմար եմ զգում դրանով պառկել քնելու: Երբ իրերի միջից դժվարությամբ դուրս հանեցի բարակ ու փափուկ գիշերանոցս, հանկարծ հիշեցի, որ զգեստս առանց կողմնակի մեկի օգնության հանել չեմ կարող: Մեջքի հատվածը ամբողջությամբ զարդարված է դժվարարձակելի կոճակներով ու հազար ու մի այլ հնարքներով: Իսկ ինչ կլինի, եթե Պարոնին խնդրեմ? Կոճակ է էլի, կարձակի ու վերջ: Ես վախվխելով խոհանոց գնացի, որտեղ նա սեղանի մոտ կանգնած միրգ էր ուտում: Ինձ տեսնելով`մի պահ դադարեց ծամել, ապա հարցական աչքերիս նայեց:

–Կօգնեք հանել զգեստս?

Ես սպասում էի, որ նա կշփոթվի կամ կսկսի ինչ-որ անիմաստ հարցեր տալ, բայց, ի զարմանս ինձ, կանգնեց իմ ետևում ու սկսեց արձակել կոճակները:

Ես ինձ թույլ չեմ տալիս նրան չափից շատ մոտենալ, որովհետև նախ և առաջ ինքս ինձնից եմ վախենում: Մի անզգույշ քայլ, ու նրա գրկում կհայտնվեմ: Ինձ խելքից հանում է նրա բույրը: Շատ հաճախ, երբ դպրոցում որևէ բաց վերնաշապիկ էր հագած լինում, ես ծածուկ դիտում էի նրա մարմնի բաց մասերն ու պատկերացնում, թե դրանք ինչպես են բուրում: Ուզում եմ` ինչքան հնարավոր է շուտ արձակի կոճակները, որ վերջապես ազատվեմ նրա ազդեցությունից ու անկողին մտնեմ: Ինչքան էլ փորձում եմ ինձ հավասարակշիռ պահել, միևնույն է`մարմինս մատնող դողով է պատվել, որը ցույց է տալիս, թե նրա ֆիզիկական մոտիկությունն ինչպես է ինձ հունից հանում: