Ժամը 22:30
Երբ առավոտյան արթնացա, աչքերիս դժվարությամբ կարողացա հավատալ. անկողնուս մոտ դրված սեղանիկը լցված էր աշխարհի ամենասիրելի բաներով`նոր եփված սուրճով, քաղցրավենիքով ու տարատեսակ պաղպաղակներով:
Ես աչքերս չռած նայում եմ`մտքում կարծես որոշելով, թե առաջինը որի հախից եմ գալու: Քիչ էր մնում հուզմունքից ճչայի, երբ հանկարծ սեղանի անկյունում վարդագույն մի ծաղկաման նկատեցի`սպիտակ խոշոր վարդերով լցված: Երեխայի պես քրքջալով` ձեռքս առա վարդի փունջն ու սկսեցի հոտոտել: Այդ վարդերին երկու բույր է ասես խառնված`մեկը վարդինն է, մյուսը`նվիրողինը: Այնքան էի տարվել ծաղիկներով, որ չէի նկատել, որ արդեն մի քանի րոպե է, ինչ դռան մոտից գորովանքով ինձ են նայում երկու սիրելի աչքեր:
–Միթե այս ամենն ինձ համար է?-հիացած բացականչեցի ես:
Պարոնը ոչինչ չպատասխանելով մոտեցավ ինձ ու գրկեց:
Ես նախորդ օրը սաստիկ նեղացել էի նրանից, ուստի հաճույքով ընդունեցի բոլոր նվերներն ու սկսեցի ախորժակով պաղպաղակ ուտել: Ամբողջ ընթացքում Պարոնը նստած էր անկողնուս ու շոյում էր գլուխս: Ըստ երևույթին, նրան դուր եկավ իմ արձագանքն ու իրեն լավ զգաց, որ անակնկալը ստացվել է: Ես երեխայի պես եմ ուտում: Այտերս մերթընդմերթ պաղպաղակոտվում են, բայց չեմ էլ մտածում սրբել:
–Ինձ մի փոքր այն լիմոնով թխվածքից կտաս?– խնդրեց Պարոնը:
Ես, առանց պաղպաղակի ամանը ցած դնելու, մյուս ձեռքով փորձեցի վերցնել տորթի խոշոր կտորը, բայց հազիվ էի այն ձեռքս առել, երբ մատներս, որոնք չափազանց նուրբ էին պաղպաղակի սառը ամանը բռնելու համար, դողացին ու ամբողջ պաղպաղակը թափվեց Պարոնի տաբատին:
Ի զարմանս ինձ` նա ոչ մի արտասովոր շարժում չարեց, անգամ չփորձեց անձեռոցիկ փնտրել: Նույն հանգստությամբ շարունակում էր նստած մնալ մահճակալին ու խորհրդավոր ժպիտով ինձ նայել:
–Արի գնանք քաղաքով քայլենք մի քիչ,-անսպասելի առաջարկեց նա:
–Դուք փոխեք Ձեր հագուստը, մինչև ես լոգանք ընդունեմ,-ժպտացի ես:
Լոգանք ընդունելու ընթացքում միայն նրա մասին էի մտածում: Երբ օծում էի մարմինս անուշահոտ քսուքով, պատկերացնում էի, որ Պարոնն է դա անում, ու մարմինս ակամա դողում էր հաճույքից: Երբ անջատեցի ծորակն ու որոշեցի դուրս գալ լոգարանից, հիշեցի, որ վերնազգեստս սենյակում եմ մոռացել: Սրբիչ անգամ հետս չեմ վերցրել: Եթե խնդրեմ նրան, որ բերի, ոչ մի կերպ չի հավատա, որ,իրոք, մոռացել եմ: Բացի այդ, ինչպես պիտի դրանք ինձ փոխանցի? Պետք է ներս մտնի ու տեսնի ինձ մերկ վիճակում: Մի կերպ հավաքեցի մտքերս ու դուռը կիսաբաց անելով`ձայն տվեցի Պարոնին:
Մի քանի րոպե անց նա լոգարանի դռան մոտ էր: