Սերը Յուպիտերի վրա - страница 23

Шрифт
Интервал


Ես բացեցի դուռը, բայց նա, առանց հրավերի սպասելու, ներս մտավ, ու մինչ ես ամոթից շառագունած` շոր էի ման գալիս մարմինս ծածկելու համար, առանց որևէ բան ասելու` գրկեց ինձ:

–Իսկ ուր են վերնազգեստս ու սրբիչս?-նրան հրելով նախատեցի ես:

–Քեզ դրանք պետք չեն, ինձ մոտ արի:

Տաք լոգանքը ամբողջովին թմրեցրել էր նյարդերս ու գիտակցությունս.ես ուժ չունեմ նրա նրբություններին դիմադրելու: Թաց մազերս թափվել են Պարոնի ուսերին, իսկ մարմինս իր բոլոր բջիջներով նրա մարմնին է կպել: Ինձ դուր եկավ տաք լոգանքը, բայց նրա տաք ձեռքերն ինձ դուր են գալիս ավելի…

–Չենք գնում քաղաքով շրջելու?-ժպտացի ես:

–Գնալու ենք, բայց մի քիչ հետո:

–Իսկ հիմա ինչ ենք անելու?

–Իսկ դու ինչ կուզեիր?

–Շորերս հագնել,-խնդացի ես,-չէ, խաբեցի. կուզեի անկողնում փափուկ ծածկոցի մեջ փաթաթվել ու Ձեր պատրաստած սուրճից ըմպել:

–Բայց ես համեղ չեմ պատրաստում,-հառաչեց նա:

–Գիտեմ, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ փորձել: Ինձ դուր է գալիս, երբ Դուք ինձ համար որևէ բան եք անում: Կապ չունի` ինչ: Այդ պահերին ես զգում եմ,որ սիրում եք ինձ:

–Սպասիր հիմա կգամ:

Մի քանի վայրկյանից նա վերադարձավ` մի ճերմակ սրբիչ ուսին գցած ու ինձ մեջը փաթաթելով`գրկած ննջարան տարավ:

Ես անկողին մտա ու սուզվեցի տաք ծածկոցի մեջ: Պարոնը պառկեց կողքիս ու գրկեց ինձ: Նրա մեջ ոչինչ չի փոխվել`նույն խոշոր բիբերը, գեղեցիկ թարթիչներն ու կրակոտ հայացքը: Ձգվում է մարմինս այդ հայացքից: Ես ամաչում եմ…կամ միգուցե շփոթվում նրա հետ մենակությունից: Ամենայն հավանականությամբ ամաչում եմ, որովհետև գիտակցում եմ, թե ինչ է մտածում: Ինձ թվում է`նա հասկանում է, որ ուզում եմ իրեն, ու բոլոր ջանքերս գործի դրի, որպեսզի հնարավորինս անտարբեր ու սառը ձևանամ: Պարոնի աչքերը ժպտում են: Ես նյարդայնանում եմ այդ ժպիտից, որովհետև ինձ թվում է`դա ծաղր է: Ազատվել եմ ուզում նրանից ու փախչել ինչքան հնարավոր է հեռու:

Հերթական անհանգիստ շարժումը… և Պարոնի ուժեղ բռունցքը պատահաբար այտիս դիպավ:

–Այ,-դժգոհեցի ես:

–Հո շատ չցավեց?-ժպտաց Պարոնն ու ինձ ուժգին դեպի իրեն քաշեց,-հիմա կհամբուրեմ`կանցնի:

Նա դանդաղ խոնարհվեց դեպի ինձ ու կարմրավուն փարթամ շուրթերը հպեց իմին: Ես մարմնապես թուլացել եմ,հասկանում եմ, որ հիմարություն եմ անում ու վաղուց պիտի հրած լինեի անամոթին, բայց շարունակում եմ վայելել նրա համբույրները…իմ կյանքի առաջին համբույրները…ես առաջ երբեք չէի իմացել`ինչ է նշանակում զգալ սիրելի մարդու շուրթերի ջերմությունն ու ձեռքերի տաքությունը, չէի զգացել`ինչ է ասել թուլանալ հաճույքից ու չկարողանալ կառավարել ոչինչ…