Սերը Յուպիտերի վրա - страница 5

Шрифт
Интервал



2004 թվական, հուլիսի 17

Հայրիկի հետ նստել եմ տարօրինակ սարքի մոտ ու հետևում եմ, թե ինչպես է ծայրից ջրանման հեղուկ կաթում: Դա օղի է: Ես հաճույքով սև թութ եմ ուտում, որը մատներիս մանուշակագույն հետքեր է թողնում: Մի քանի օր ստիպված եմ լինելու անընդհատ լվացվել, որպեսզի դրանք կամաց-կամաց վերանան: Փոքրիկ սեղանին դեռ չհասունացած կանաչ ընկույզներ են դրված, որոնք հայրիկն է քաղել: Ես վերցրի նրանցից մեկն ու մուրճով ջարդեցի կեղևը: Հետո հանեցի սպիտակ միջուկն ու ախորժակով կերա: Ափերս դարչնագույն դարձան, բայց ես չեմ նեղվում: Ինձ դուր է գալիս ազատության զգացումը, երբ պարզապես ուտում ես այն ամենը, ինչ քեզ հաճույք է պատճառում, ու չես մտահոգվում, արդյոք ընկույզից ու թթից սևացած ձեռքերով գեղեցիկ ես:

Երբ կշտացա, մոտեցա հայրիկին, ով դեռ նստած էր օղու սարքի մոտ, ու մեջքից գրկեցի: Ինձ այնքան պակասում է նրա ուշադրությունը: Շատ եմ տխրում, երբ հիշում եմ, թե ինչպես ծեծեց մայրիկին, բայց միևնույն է`առաջվա պես պաշտում եմ նրան ու իմ իդեալը համարում:

Արդեն լուսանում է: Մենք ամբողջ գիշեր խոսել ենք աշխարհի, մարդկանց, կյանքի մասին: Ես շատ հետաքրքրասեր եմ, դրա համար հայրիկն ինձ կատակով ինչուիկ է անվանում:

Հանկարծ մեզնից քիչ հեռու թփերի խշշոց լսվեց: Վազեցի ձայնի ուղղությամբ ու սկսեցի զննել տեղանքը: Ինչ-որ փոքրիկ սև զանգված գրավեց ուշադրությունս, ու գետնից բարակ փայտ վերցնելով`թեթև դիպա նրան: Մակերևույթը փշոտ էր, ու ես միանգամից հասկացա, որ ոզնի եմ գտել: Դեմքիս ժպիտ հայտնվեց, երբ նա ցույց տվեց իր գեղեցիկ դնչիկը: Ես սիրում եմ կենդանիներ, բայց մյուս երեխաների նման չեմ ձգտում տուն բերել ու պահել սեփականության պես, որովհետև գտնում եմ, որ նրանք բնության գրկում իրենց ավելի լավ կզգան:

Ինձ բնության մեջ ամեն ինչ կատարյալ է թվում, բացի մարդուց, որովհետև բոլոր կենդանիները, բույսերը, նույնիսկ անշունչ առարկաները կատարում են այն դերը, ինչի համար ստեղծված են, միայն մարդն է, որ պատկերացում չունի, թե ինչու է ծնվել, ու որն է իր առաքելությունը:


2005 թվական, հունվարի 3

Արդեն մի քանի օր է`մեր տանը խոսակցություններ են պտտվում Փարիզ վերադառնալու մասին: Ես սեպտեմբերին պիտի դպրոց գնամ, ու ծնողներս ուզում են, որ քաղաքում սովորեմ: Վերջերս այստեղ էլ դպրոց բացվեց, ու տատիկս ուսուցչի աշխատանք ստացավ: Պապիկս ինչ-որ ընկերությունում ինժեներ է: Նրանք քաղաք վերադառնալու մտադրություն չունեն ու որոշել են իրենց կյանքը կապել գյուղի հետ:

Տանը շատ ավելի տաք է, քան ես պատկերացնում էի: Վառարանն իմ անկողնու մոտ է, ու գիշերը փայտ եմ ավելացնում: Քնելուց առաջ պապիկս ինձ համար գիրք է կարդում, հետո միասին մեղրով թեյ ենք խմում ու հեռուստացույց դիտում: Այն ընդամենը չորս ալիք ունի, ու մուլտֆիլմեր շատ հազվադեպ եմ նայում: Ինձ դուր են գալիս հատկապես երաժշտական հաղորդումներն ու համերգները, երբեմն էլ ֆիլմեր են ցույց տալիս: Ինչ վրանում չենք ապրում, սկսել եմ սիրել ձմեռը, երբ շտապելու ոչ մի տեղ չունես, նստում ես տաք վառարանի մոտ ու հետևում, թե ինչպես են կարտոֆիլն ու սոխը մոխրի մեջ խորովվում: Բացի այդ, պապիկն ավելի շատ ժամանակ է ինձ հատկացնում, քան ամառվա ընթացքում, որովհետև զբաղված չի լինում հող մշակելով ու թութ թափ տալով: Մենք, իհարկե, ուրիշ ծառեր էլ ունենք`դեղձի, ծիրանի, խնձորի, ընկույզի, բալի, բայց չենք հասցնում դրանց բերքն էլ, ինչպես հարկն է, հավաքել: