–Սպասիր, խնդրում եմ,-լացակումած`աղերսեց նա,-եթե չես ուզում, չենք խաղա, միայն մնա:
–Պիտի տուն գնամ, շուտով կմթնի:
–Արի քաղցրավենիք ուտենք, հետո կճանապարհեմ քեզ,-համոզեց նա ու վազեց խոհանոց: Հինգ րոպեից վերադարձավ`ձեռքին մի աման:
–Սա ինչ է?
–Տորթի քարցր կրեմ, որին մոշ եմ խառնել, փորձիր:
Ես հաճույքով կերա կեսը:
–Շատ համեղ էր, ապրես: Իդեպ, վերցրու վզնոցդ:
–Չէ, պետք չի, մոտդ պահիր, նվիրում եմ: Այն քեզ ավելի է սազում, քան ինձ:
Սիրտս ճմլվեց. մոտեցա նրան ու ամուր գրկեցի: Ես էլ կուզեի որևէ բան նվիրել, բայց մոտս ոչինչ չունեի: Մենք դուրս եկանք տնից, ու նստեցի հեծանիվիս ղեկին:
–Նեղացած չես, չէ, ինձնից?-տխուր հայացքով հարցրեց Ամելին,-ես մտածեցի քեզ դուր կգա, դու առաջին մարդն էիր, ում ցանկացա համբուրել: Կներես:
Ուզում էի ինչ-որ բան ասել, որը նրան կստիպեր լավ զգալ, բայց, չգիտես ինչու, լռեցի ու առանց հրաժեշտ տալու` տուն վերադարձա…
2005 թվական, օգոստոսի 28
Հենվել եմ ցանկապատին ու հափշտակված նայում եմ Ամելիին: Նա չի կարող նկատել ինձ, որովհետև թփերը ծածկում են մարմինս: Մեր համբույրից հետո խուսափում եմ նրանից, բայց թաքուն հետևում եմ: Ամեն առավոտ գալիս է, կանգնում մեր ցանկապատի մոտ ու անունս տալիս, բայց ես միշտ քնած, սոված, զբաղված, հոգնած եմ ձևանում ու մայրիկին խնդրում, որ փոխանցի: Նա լուռ հեռանում է, բայց հաջորդ օրը նորից հայտնվում: Հակասական զգացմունքներ ունեմ նրա հանդեպ. համ սիրում եմ, համ`մի տեսակ վախենում: Նա ինձ այնպես չի սիրում, ինչպես ես`իրեն, ու դա է վանում ինձ:
Արդեն երեք ժամ է` հետևում եմ, թե ոնց է բակում կոնֆետ պատրաստում: Նա գդալով վերցնում է մուգ վարդագույն քաղցր զանգվածն ու լցնում սրտաձև փոքրիկ ամանների մեջ:
–Լիլի, արի իրերդ հավաքիր-լսվեց մայրիկի ձայնը, ով մեր տարածքի մյուս ծայրից կանչում էր ինձ:
Ամելին սթափվեց իր մտքերից ու շուրջը նայեց`ասես հույս ունենալով, որ մոտակայքում եմ, իսկ ես, հարմար առիթ գտնելով, դուրս եկա թաքստոցիցս ու ոտքերիս ծայրերի վրա քայլեցի դեպի տուն:
*
Մեր ամբողջ ընտանիքը, բացի տատիկից ու պապիկից, տեղավորվել է հայրիկիս դեղին մեքենայի մեջ. Փարիզ ենք մեկնում:
Երբ դուրս եկանք մեր ամառանոցից ու անցնում էինք Ամելիենց տան մոտով, նա անսպասելի հայտնվեց ճանապարհի վրա ու ափը թափ տվեց, ինչը նշանակում էր, որ ուզում է`կանգ առնենք: Հայրիկն ըստ երևույթին ճանաչեց նրան ու ընթացքը դանդաղեցրեց:
–Լիլի, գնա հրաժեշտ տուր ընկերուհուդ, միայն արագ:
Ես իջա մեքենայից ու մոտեցա Ամելիին: Քիչ մնաց սիրտս հուզմունքից տեղից դուրս թռչեր, երբ նրա ձեռքին տեսա սրտաձև կոնֆետները`փայլփլուն թղթերի մեջ: Միթե դրանք ինձ համար էր առավոտից պատրաստում?