Խնդուն օրերի թույնը բոսոր - страница 2

Шрифт
Интервал


Ես նրան չէի հակադարձում, քանզի դա անիմաստ զբաղմունք էր, նա արդեն մտքում գծած ուներ իր տեսանկյունն ու նպատակասլաց շարժվում էր այդ ուղղությամբ, ինձ մնում էր սպասել մինչև կավարտի իր երկարաշունչ մենախոսությունն ու կկարողանամ իմ բաժին քսան կոպեկը ներմուծել պատկերն ընդհանրացնելու համար։

– Հիմա կասես, սա պատմվածք է ռոմանտիկ սիրո մասին, – շարունակեց նա իր մենախոսությունը, – և ամենևին գաղափար չունես անգամ, որ ռոմանտիկ սիրո հիմքում ընկած է սեռական անսահման կրքի հագուրդը, իսկ իմ համեստ կարծիքով, քո հերոսը, հաջորդ տեսարանում դրանով զբաղվելու ցանկություն բնավ չունի։ Առանց սեքսի սեր, դա ամենավատ տարբերակն է, քանզի սեքսը հեռացնում է աչքերիդ վարդագույն փառը և վերադարձնում մտածելու, ստեղծագործելու ունակությունը, չես հավատում ինձ, հարցրու ծերուկ Քիփլինգին, թե ի՞նչ կատարվեց այն պատանու հետ, որի առջև բաց էին նախորդ կյանքի հիշողության դռները, երբ նա հանկարծ սիրահարվեց։ Մյուս կողմից, անկողինն անշուշտ կգռեհկացներ քո պատմվածքը, քանզի քո շարահյուսությունն անտարակույս պոետիկ է, և մխտրել այն բիրտ տեսարաններով` ամենևին տեղին չէ, այնպես որ, շարունակիր գիրդ` տեսնենք ուր կբերի այն։ Միայն շատ եմ խնդրում, առանց այդ մերկանտիլ, հակամարդկային, ոչ մեկին պետք չեկող պոստմոդեռնիզմի, երբ հանկարծ, չգիտես ինչու, կպարզվի, որ քո հերոսուհին վհուկ է և կարողանում է ճախրել երկնքում։ Ես ատում եմ Ռավելին իր «Բոլերոյով», ով քանդեց այն ամենը, ինչ գնահատում եմ դասական երաժշտության մեջ, մասնավորապես, դանդաղ սոնատային սկիզբ, ռոնդո՛, հիմնական թեմայի կուռ զարգացմամբ՝ թախծոտ կամ ողբերգական տրամադրությամբ, այնուհետև հզոր, կուլմինացիոն կրեսչենդո և վերջապես` արագ, հանդիսավոր ֆինալ: Իմ սիրած հեղինակը Սարտրն է և նրա «Սրտխառնոց»-ը, ինչպես ես եմ հասկանում Սարտրին, երևի ոչ ոք ի վիճակի չէ ընկալել նրան, քանզի ես ծնվել և, ամենայն հավանականությամբ, կմեռնեմ այս անտանելի ռեժիմի օրոք, որը, սրտխառնոցից բացի, ոչինչ չի առաջացնում, և ես ողջ գիտակցական կյանքս ապրել եմ այդ զգացումով, մշտական սրտխառնոցի զգացումով՝ շատ լավ հասկանալով, որ ի զորու չեմ որևէ բան փոխել, իսկ Սարտրը սկզբում շատ լոյալ էր, ես կասեի, նույնիսկ սիրահարված էր իմ ապաշնորհ երկրի գաղափարախոսությանը, որտեղ մարդկային կյանքի գինը ձևավորվում է համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդի ուղեղում։

Հեռախոսազանգն ասես փորձ արեց ընդհատել նրա մենախոսությունը, և դա սաստիկ զայրացրեց նրան։

– Ի՞նչ եք ասում, – քամահրանքով գրեթե գոռաց զանգող հեռախոսին։ – Զբաղված եմ, չե՛մ կարող, – հետո մոտեցավ լսափողին և մի ակնթարթ թվաց, թե այնուամենայնիվ կբարձրացնի ընկալուչը։ – Ո՛չ։ Չեմ կարող, զբաղվա՛ծ եմ, – շարունակեց գոռալ նա, – ի՞նչ եք ուզում, ես ձեզ հարյուր անգամ նախապես խնդրել, զգուշացրել եմ չզանգել` երբ զբաղված եմ։