Մտորումների օրագիր - страница 2

Шрифт
Интервал


30.04.2014 թ.


Եթե գազարը օգտակար լիներ աչքերի համար, նապաստակները շլդիկ չէին լինի… (գազարի գովազդ):

17.10.2014 թ.


Ասում են՝ ծովային նախանիշ կա, երբ ճայերը թռչում են հետույքով առաջ, ուրեմն քամին շատ ուժեղ է։ Դրանից կարելի է ենթադրել, որ հայկական քաղաքական դաշտում քսան տարուց ավել փոթորիկ է:

10.09.2014 թ.


Աշխարհում ամենից թանկ բանը մարդու կյանքն է, իսկ ամենից էժանը՝ նրա անիմաստ շռայլումը:

4.10.2014 թ.


Նախկինում, որ ասում էիր թեզ եմ պաշտպանել, հարցնում էին` ի՞նչ թեմայով, իսկ հիմա հարցնում են` քանիսո՞վ:

2.10.2014 թ.


Անտարբեր լռությունը դավաճանության զազրելի տեսակ է:

29.09.2014 թ.


Երբեմն դավադիր լռությունը մեզ ավելի շատ բան է հուշում:

21.09.2014 թ.


Եթե ուզում ես ազատվել կեղծ ընկերներից, բոլորին ասա, որ «գործերդ լավ չեն»…

27.08.2014 թ.


Մարդու հավատքի խորությունը չափվում է նրա բարի գործերի վեհությամբ:

25.08.2014 թ.


Երբ ամեն մի հայ դադարի վախենալ սովից, ցավից, բանտից, մահից ու հարազատների կորստից` մեր բոլոր թշնամիները կդողան մեր ոտքերի տակ:

20.07.2014 թ.


Երբ բացում ենք մեր տան պատուհանները՝ քամին կարող է փոշի ու կեղտ ներս թափել, նույնը պատահում է նաև մարդու հոգու հետ:

10.07.2014 թ.


Երբեմն իր հաջողություններից ու վերելքից մարդ ավելի քիչ է փչանում, քան իր շրջապատի մարդիկ նախանձությունից:

7.07.2014 թ.


Խռովելը՝ ոգու տկարության ու սիրո պակասի արտացոլանք է: Միայն ուժեղ ոգով մարդն է ընդունակ սիրելու և ներելու:

6.07.2014 թ.


Ինչ մեզ պետք է՝ կա մեր ներսում, հարկավոր է միայն փնտրել ու գտնել:

5.07.2014 թ.


Եթե մարդ կախված է իր շրջապատից՝ նրանից մաքուր լինել չի կարող:

14.06.2014 թ.


Ինքնասիրություն չունեցողն ընդունակ չի հարգելու կամ լինելու հարգված, նա միայն կարող է վախեցնել կամ էլ լինել վախեցած:

13.06.2014 թ.


Որ այսպես շարունակվեց, Հայկական պետա-կանությունը աչքիս Թումանյանի «Գաբո բիձու շերամապահությունն» է դառնալու:

6.06.2014 թ.


Հայը մի տուն ունի միայն, դա Հայաստանն է, մնացած երկրները հյուրանոցներ են, նույնիսկ եթե անգամ հինգ աստղանոց են:

30.05.2014 թ.


Անկախությունը Հովհաննես Շիրազի հայտնի պոեմի հերոսուհի Խջեզարեի պես եկավ, տեսավ Հայաստան յարը Սիամանթոյի պես քնած, թողեց ու խռով հեռացավ: Ախր ի՞նչ իմանար անգութը, որ քնի ժամանակ իրեն էր երազում:

28.05.2014 թ.


Չգիտեմ, կա՞ն արդյոք աշխարհում երկու անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի, ռուս, թուրք կամ ինչ որ այլ ազգի ներկայացուցիչներ, որոնք իրար հետ խոսում կամ նամակագրություններ են անում հայերեն լեզվով, բայց գիտեմ որ կան միլիոնավոր հայեր, որոնք իրար հետ շփվում են այդ լեզուներով: Ահա թե ինչն է ինձ մտահոգում: