Ի ՕՐԱԳԻՐ
Ի՞նչ եմ փնտրում… Ես իմ ճակատագրի կծիկն եմ փնտրում՝ կյանքիս ուղին վրան փաթաթած, ուղուս ծայրն եմ փնտրում, որպեսզի բռնեմ նրանից: Եվ երբ այդ հեքիաթային կծիկն առաջ վազի, ես էլ իմ ուղու թելից բռնած քայլեմ, վազեմ նրա հետևից:
Իսկ եթե չգտնե՞մ: Միևնույն է, պիտի քայլեմ, կանգնած մնալ չեմ կարող: Պիտի քայլեմ առաջ, ուղիղ ճանապարհով դեպի արևը, դեպի լույսը: Բայց, քանի որ պտտվում է երկիրը, պտտվում է արեգակը, ճանապարհս ուղիղ լինել չի կարող` կլինի կոր, ոլորապտույտ… Շատ բարդ է մեր կյանքի ճանապարհը…
Մենք, մեր կոր ու ոլորապտույտ ճանապարհներով ճամփորդության ենք դուրս եկել տիեզերքում և միակ ուղիղ ուղին, որ տանում է մեզ դեպի լույսը` դա մեր հավատքի ուղին է…
05.2014 թ.
Իշխանությունն ու ընդդիմությունը նման են մագնիսի տարբեր բևեռներին, որոնց կպչում են միայն մարդու սև, ժանգոտվող տեսակներն ու նրանց խառնուրդ-ները, մարդու ազնիվ տեսակը նրանց երբեք չի կպչում:
12.01.2014 թ.
Աշխարհում ոչ մի ազգ այնքան իր ճարպիկ տխմարներով աչքի չի ընկել, որքան հայերը:
12.10.2014 թ.
Նախկինում որ մի հիմար ձորը քար էր գլորում, հավաքվում էին խելոքներն ու մտածում, թե ոնց հանեն։ Իսկ հիմա խելոքները միայն քարի հետևից վազում են:
3.10. 2013 թ.
Հեքիաթներում մի հրեշ էր ու մի դղյակ, իսկ հիմա հրեշներն ու դղյակներն այնքա՜ն են շատացել, ու սա արդեն հեքիաթ չէ…
7.10.2014 թ.
Հայի հազարամյակների գոյատևման գաղտնիքը մեր լեռների մեջ է: Կտրվելով իր լեռնաշխարհից, հայը դատապարտվում է վերացման:
2.10.2014 թ.
Տհաճություններն ու անախորժությունները նման են կեղտ սիրող ճանճերի, որպեսզի նրանք քեզ չկպչեն ու չնստեն վրադ, ինքդ մաքուր եղիր ու միշտ հեռու մնա ամեն տեսակի կեղտերից:
16.09.2014 թ.
Ծուռ հիմքի վրա քար դնողը հետագա վթարի ու դժբախտության մասնակից է:
15.09.2014 թ.
Եթե մարդ ապրել է մի ողջ կյանք, բայց պատմելու ոչինչ չունի իր կյանքից, ուրեմն նա դեռ չի ապրել և ոչինչ չունի կորցնելու:
15.09.2014 թ.
Չի կարելի մարդկանց տալ այն, ինչ պատրաստ չեն դեռ ընդունելու, գիտակցելու, մարսելու, որովհետև դրանից վնասն ավելի շատ է, քան օգուտը:
6.09.2014 թ.
Յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության մակար-դակը որոշվում է նրա ստեղծած պետականության որակով:
24.08.2014 թ.
Ցուցամոլությունը անհաջողությունների սկիզբն է:
15.06.2014 թ.
Կյանքի ամենից լավ ուսուցիչները սրիկաներն են, որոնց տված դասերը երբեք չեն մոռացվում:
9.06.2014 թ.
Խոհարար կա, որ աշխարհի ամենից ընտիր մթերքներից անգամ պատրաստածը ուտելու բան չի: Խոհարար էլ կա՝ ձեռի տակ ընկած խեղճ ու կրակ մթերքներից մի այնպիսի ուտելիք կպատրաստի, որ համն ու հոտը դեռ շատ երկար կմնա բերանումդ: Նույնն է նաև արվեստում: