– Լսի՛ր, այ պրոֆեսոր, դոկտոր, կենսաբան, նախ գնվում եք Արատտայի տարածքում, դուք Արատտայի օրենքն եք խախտել և պիտի տուգանք մուծեք,– ձայնը բարձրացրեց ավագ լեյտենանտը:
– Եվ ո՞վ է հաստատել ձեր այդ օրենքը և ի՞նչ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա են ընդունել այդ օրենքը, կարելի՞ է իմանալ,– հակաճառեց Ալիմյանը:
– Օրենքը հաստատել է կոմիտեի գլխավոր քարտուղար պարոն Թավշիկյանը, առողջապահության նախարար, Արատայի մեծ գիտնական, բժշկական գիտությունների թեկնածու պարոն Թոթոսյանի լուրջ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա:
Ալիմյանը հիշեց իր առաջին ծանոթությունը, իր նախկին ուսանող Թոթոսյանի հետ, որ առաջին հայացքից ակնոցավոր ոչխար էր հիշեցնում: Օ՜, ոչ նա գայլ էր, ոչխարի մորթու տակ թաքնված, այդ ավազակը, որ միշտ իր դասերը բաց էր թողնում և անընդհատ թրիվ էր գալիս սրճարաններում, «հեղափոխական գաղափարակիցներ» փնտրելով: Ու երբ արդեն քննությունները մոտ էին և նրան կանչել էր իր մոտ, զգուշացնելու, որ հնարավոր է դուրս է թռնելու համալսարանից «Վարակային հիվան-դությունների» ամբիոնի նկատմամբ իր անբարտավան պահվածքի պատճառով, նա, այդ «ակնոցավոր ոչխարը», գայլի հայացքով իրեն է նայել և լպիրշ ժպիտով ասել.
– Ու՞մ են պետք, պրոֆեսոր քո բակտերիաներն ու վիրուսները, սնկերն ու պարազիտները: Երկրի իրական պարազիտների և գլիստների դեմ է պետք պայքարել և ճճվաթափ անել երկիրը:
Նա չի կարողացել հակաճառել երիտասարդ ուսանողին, քանի որ գտնում էր, որ նա էլ իրավացի է և ո՞վ գիտե, գուցե նրան հաջողվի ավելի մեծ բան անել երկրի և գիտության համար իր հեղափոխական հայացքներով ու գործնեությամբ: Բայց հետագայում միայն նորից ու նորից համոզվել է, որ լավ հեղափոխական լինելու և երկիրը վերականգնելու համար ավելի շատ գիտելիքներ են պետք, կյանքի և մասնագիտական փորձ, որ չունեն սրճարաններում թափառող, կիսագրագետ նախկին ուսանողները, որոնց համար, իրենց կռվող երկրի համար, բանակում ծառայելն անգամ հիմարություն էին հաշվում: Բայց ի վերջո, գրողը տանի, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բոլոր ժամանակներում էլ հեղափոխականների վերջնական նպատակը հիմնականում եղել է նախորդների լափամանը խլելը…
Զգալով իր մեղքի մեծ բաժինը ևս, երիտասարդ ուսանողների դաստիարակության ասպարեզում, Ալիմյանը նահանջեց.
– Մեղավոր եմ, պարոն ավագ լեյտենանտ, դուրս գրեք ձեր կտրոնը, կվճարեմ տուգանքը:
– Տվե՛ք ձեր անձնագիրը, ձեր անձը ճշտելու համար:
– Անձնագի՞րս… անձնագիրս մոտս չէ, տանն է, հիմա կբերեմ:
– Ո՛չ,– սատեց ոստիկանը,– դուք պարտավոր էիք ձեր անձնագիրը կրել միշտ ձեզ հետ: Ահա և երկրորդ օրենքը, որ դուք խախտել եք և պարտավոր եք նաև տուգանք մուծել անձնագիր չկրելու համար ևս 40 000 դրախմ: