Արեգակի հակառակ կողմին - страница 11

Шрифт
Интервал


– Լսեք, պարոն ոստիկան, ես երկու տարի է չեմ աշխատում, ինձ համար դժվար է այդքան տուգանք մուծելը:

– Դուք թոշակառու չե՞ք,– փորձեց ճշտել երիտասարդ ոստիկանը:

– Ոչ, դեռ 7 տարի էլ ունեմ մինչ թոշակս:

– Ավելի վատ ձեզ համար, դուք խախտել եք ևս մի օրենք, որի պատճառով պիտի մուծեք ևս 100 000 դրախմ:

– Իսկ դա ո՞ր օրենքն է,– ապշած հարցրեց Ալիմյանը:

– Ձրիակերության մասին օրենքը, որ պարտադրում է Արատտայի բոլոր քաղաքացիներին պարտադիր աշխատել:

– Բայց հիմա շատ դժվար է աշխատանք գտնելը, առանձնապես Էրեբանում:

– Ձեզ հետ համաձայն չեմ, կարող եք բենզինի լցակայանում սպասավոր աշխատել, կամ էլ վաճառել ձեր տունը, գյուղում տուն առնել և զբաղվել ոչխարաբուծությամբ, ինչպես պարոն Թավշիկյանն է ասել:

– Գողը տանի, ես կենսաբանության դոկտոր–պրոֆեսոր եմ, վիրուսոլոգ, ես ինչ գործ ունեմ ոչխաարների և ոչխարաբուծության հետ… Ինչքա՞ն տուգանք պիտի մուծեմ:

– 180 000 դրախմ:

– Բայց ես չունեմ այդքան գումար, որտեղի՞ց պիտի մուծեմ:

– Պրոֆեսոր, խորհուրդ եմ տալիս վաճառել ձեր տունը և մուծել տուգանքը: Իսկ մնացածով կարող եք Էրեբանի արվարձաններում մի բնակարան գնել կամ գյուղում տուն և ոչխարների հոտ և իրոք զբաղվել հանրության համար օգտակար գործով: Միևնույն է, հաջորդ տարվանից, Արատտայի նոր օրենքի համաձայն դուք պարտավոր կլինեք նաև ճոխության հարկադրային տուրք մուծել ձեր քաղաքի կենտրոնում գտնվող տան համար…

 Պրոֆեսորի գիտակցությունը մթագնվեց, նա մի պահ տեսիլ տեսավ, սարերում ոչխարի հոտ էր պահում, բոլոր ոչխարներն էլ ակնոցավոր էին և Թոթոսյանի նման, իրեն էին նայում գայլի հայացքով ու լպիրշ ժպտում, ուր որ է կհոշոտեին իրեն:

– Վատ ե՞ք զգում ձեզ,– հարցրեց մյուս ոստիկանը,– գուցե շտապ օգնություն կանչեմ,– ու ձեռքը մեկնեց մոբիլ ռադիոկայանին:

– Ոչ, պետք չէ,– ասաց,– տուգանքների կտրոնները տվեք ու մի 200 000 դրախմի կտրոն էլ ավել:

– Դա ինչի՞ համար,– զարմացավ ավագ լեյտենանտը:

– Ես Թավշիկյանի ու Թոթոսյանի…,–ու հայհոյանք տվեց պրոֆեսորը իր կյանքում առաջին անգամ, բայց այնքա՜ն գեղարվեստական, այնքա՜ն տպավորիչ, հմայիչ ու երկար, այնպիսի մի հայհոյանք, որ ասես մի հրաշալի բանաստեղծություն էր արտասանում:

 Ոստիկանների պարետային խումբը, բերանները բաց ու մեծ հիացմունքով, աչքաբաց ուսանողների պես պրոֆեսորին էին լսում: Եվ երբ նա ավարտեց իր էքսպրոմտ բանահյուսությունը, դիմեց ավագ լեյտենանտին.

– Այ սրա համար: Ու՞ր է վերջին 200 000 դրախմանոց տուգանքի կտրոնը, դա էլ տուր:

 Ավագ լեյտենանտը ձգվեց, զգաստ պատիվ տվեց գիտնականին.

– Ներեցեք, պարոն պրոֆեսսոր Ալիմյան, Արատտայում նման տուգանքի օրենք չկա, դա դեռ ձրի է…