Կինը՝ հայացքը անխռով ծովին, նախատում էր ինքն իրեն, որ արժանապատվություն չունի, այնտեղ, ընկերոջ բնակարանում տրվեց նրան ու տրվում է այստեղ, ավազների մեջ ու այս լերկ քարերի վրա…
…Նրանք նստել էին սալ քարերին, երազել էին, ճայերը պտտվել էին նրանց գլխավերևում, կարոտով կանչել էին, ջրերի վրայով սահել էին՝ ճերմակ փետուրները ջրերի կապույտին քսելով, իրենք նայել էին։ Լողազգեստով պառկել էին քարերին ու վազվզել տաք ավազների մեջ, ու միշտ էլ կինը մտածել է այն մասին, որ պետք է բաժանվեն, այդպես անհնար է շարունակել։ Ի՞նչ իրավունքով և մինչև ե՞րբ։
– Ես քեզ չեմ մեղադրում,– խոսեց կինը։– Ես եմ մեղավորը։ Նման հարցերում կանայք, միայն կանայք են մեղավոր։
– Փոշմանե՞լ ես։
–Փոշմանե՞լ։– Կինը մի պահ խորհում էր, հետո ասաց վճռական։– Ոչ։ Ափսոսանքը՝ դա անիմաստ զգացմունքայնություն է: Միակ բանը, որ կարելի է ափսոսալ կյանքում, դա այն է, որ դու ուշադրությամբ ու հոգատարությամբ ես շրջապատել նրանց, ովքեր դրան արժանի չէին: Հենց դրա համար էլ անիմաստ է ափսոսալը, որովհետև անօգուտ է, զուր տեղն ինչո՞ւ ափսոսալ, միևնույն է, այն, ինչ եղել է, վերադարձնել, ուղղել արդեն անհնարին է… Ինքս էլ չգիտեմ ինչպես ստացվեց այս ամենը։ Անուշ երազ էր սա։ Եվ հիմա պիտի ընդհատվի այդ երազը։ Չեմ փոշմանել ու երբեք չպիտի փոշմանեմ։ Պարզապես ինձ համար ապրում էի։ Եվ երջանկությունը, թվում էր, հենց այդ է, որ կար։ Ուրիշ երջանկություն չի լինում։ Դու ամեն ինչ տակնուվրա արեցիր։ Բայց դու մեղավոր չես բնավ։ Ես այն չեմ մտածում, ինչ ասում եմ։
–Իհարկե, դու ես մեղավոր։ Ինչո՞ւ շուտ ամուսնացար։ Չէի՞ր կարող սպասել։
– Եթե իմանայի, որ պիտի հանդիպեմ քեզ… Հարյուր տարի կսպասեի… Բայց դու ինձ չէիր առնի։
– Ինչու։ Կառնեի, ազնիվ խոսք կառնեի։ Ուրեմն դու կասկածո՞ւմ ես, որ քեզ սիրում եմ։
– Չեմ կասկածում։ Երբեմն նույնիսկ ինձ այնպես է թվում, թե դա է ինձ պահում։ Ուր էլ լինեմ, մտածում եմ այն մասին, որ դու կաս, որ երբ ուզենամ՝ կարող եմ զանգել քեզ և թեթևություն եմ զգում դրանից։
– Իսկ հետո ես կամուսնանամ, և դու կմոռանաս ինձ,– հայացքը ջրերին, անբռնազբոս ասաց տղան։– Բոլորովին չես էլ հիշի։
Կինը հանկարծակի նայեց նրան։
– Լռիր, աղաչում եմ… Այդ ինչե՞ր ես խոսում…
Տղան ցանկացավ գրկել կնոջը։
Կինն իբր վիրավորվել էր, իբր չէր ուզում, որ տղան գրկեր իրեն, համբուրեր, նա դեմքը այս ու այն կողմ էր փախցնում, սակայն տղան զգում էր, որ կինը երկարաձգում է հաճույքը, նա ավելի ուժգին սեղմեց նրան, շուրթերով գտավ բերանը… Տղան միշտ մոլեգին էր, դա դուր էր գալիս կնոջը, շուրթերը պինդ էին. դա դուր էր գալիս կնոջը… ''Սիրելիս, սիրելիս, սիրելիս,– հևոցով շշնջում էր տղան,– Ես սիրում եմ քեզ, մի՞թե կասկածում ես''։