Էլենը սովորում էր նաև պարահանդեսային պարեր: Նա դեռ նոր էր սկսել պարապել Նատալյայի հետ և արդեն տարբերակում էր չա-չա-չա պարի տարրերը:
– …Ի՛…աջ դարձ: Երկրորդ քայլը…ոտնաթաթերի ծայրերին: Պտույտ՝ մեկ, երկու, երեք:
Քսենան լուռ նստում էր դահլիճում:
Էլենը զբաղվում էր նաև երաժշտությամբ. դաշնամուր էր նվագում, երգում էր երգչախմբում: Քսենան ևս մասնակցում էր այդ ամենին: Աղջիկը հաճույքով էր հետևում Քսենային, որը երաժշտության առաջին իսկ հնչյուններից սկսում էր պարել ու ծափահարել:
Մի անգամ Էլենը Տեսլային իր հետ տարավ սոլֆեջիոյի դասին: Բայց իզուր: Քսենան ոչ միայն տապալեց դասը, այլև հավասարակշռությունից հանեց Լյուդմիլա Ալեքսեևնային, որը բոլորովին չուներ հումորի զգացում և տեղի ունեցածը անձնական վիրավորանք էր համարում: Հանուն արդարության պետք է նշել, որ կատարվող դեպքերը իսկապես անսովոր էին: Սովորաբար սոլֆեջիոյի պարապմունքների ժամանակ կատարյալ կարգ ու կանոն էր տիրում: Աշակերտները ճշտությամբ կատարում էին առաջադրանքները: Լյուդմիլա Ալեքսեևնան խիստ մանկավարժ էր: Դե, առարկան էլ աչքի չէր ընկնում դյուրությամբ: Իսկ այստեղ բոլորը տեղի-անտեղի ծափահարում էին, ծիծաղում, աղմկում, իրար խոսք կտրում՝ հետևելով Քսենային, որը, հայտնվելով ուշադրության կենտրոնում, բոլորովին կապը կտրեց: Այդ ամենի հետևանքով Էլենին հիշեցրին նրա բոլոր բացակայությունները պարապմունքներից, առարկայի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը և դուրս արեցին դասարանից:
– Հիմա գո՞հ ես, – միայն կարողացավ ասել Էլենը:
Բայց և այնպես, Քսենան ընդամենը ռոբոտ էր: Իսկ Էլենը այնքա՜ն էր ուզում, որ այդ հրեշիկը լիներ իր հարազատ ու մտերիմ, իսկական, կենդանի ընկերը:
Աղջիկը բազմաթիվ այլ հետաքրքրություններ ևս ուներ: Այդ պատճառով էլ, չդիմանալով ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությանը, նա հաճախ էր հիվանդանում: Ի վերջո, ծնողները որոշեցին սահմանափակել նրա պարապմունքների շրջանակը՝ ընտրության իրավունքը թողնելով նրան:
Էլենը գիտակցում էր՝ ընտրելը այնքան էլ հեշտ գործ չէ: Պարզվեց՝ Քսենան էլ լավագույն օգնականը չէր այդ հարցում: Էլենը նրան դիմեց խնդրանքով.
«Քսենա՛, գուցե դու գիտե՞ս, թե ինչից հրաժարվեմ»: Բայց Քսենան լուռ էր: Նրա դատարկ, ոչինչ չարտահայտող կանաչ աչքերը թախիծ էին ներշնչում: Եվ Էլենը, լաց լինելով, դուրս վազեց սենյակից: Նրա համար վիրավորական էր, որ իր լավագույն ընկերը ընդամենը խաղալիք է, որն ընդունակ չէ կարեկցելու, խորհուրդներ տալու: Հատկապես այդ պատճառով էլ նա երազում էր, որ, հնարավոր է, Քսենան երբևիցե կկենդանանա: Շաբաթ օրը Էլենը հրավիրված էր երգչախմբի ընկերուհու՝ Լերայի ծննդյան տարեդարձին: Լերան Էլենից մեկ տարով մեծ էր և բոլորովին նման չէր նրան. հանգիստ էր և տարիքից մեծ էր երևում: Թերևս մի փոքր էլ՝ ձանձրալի: Բայց Էլենը սիրում էր Լերային նրա բարության ու սուր մտքի համար: Երբ ազատ ժամանակ էր լինում, նրանք միասին լուծում էին գլուխկոտրուկներ, կառույց հավաքում: Լերան դրանում իրեն հավասարը չուներ: