Մեքենայի մեջ Էլենը սկսեց Քսենային պատմել իր նոր տպավորությունների մասին և նրան հարց ու փորձ անել նոր ընկերների վերաբերյալ: Տեսլան լռում էր, բայց ինչ-որ շատ բազմանշանակ կերպով:
– Միայն չասես, թե հետաքրքիր չէր, – աղջիկը փորձում էր նրան խոսակցության մեջ գրավել:
Պատասխանը՝ համր լռություն: Էլենը նրան չէր ճանաչում: Տեսլան կարծես ուրիշ լիներ, օտար, ոչ հարազատ: Նա աղջկան նայում էր այնպես, ասես առաջին անգամ էր տեսնում: Էլենը մտածեց, որ Քսենան իրենից վիրավորվել է այն պատճառով, որ ինքը նրան ամբողջ օրը մենակ է թողել անծանոթ շրջապատում: Էլենը խղճի խայթ զգաց: Բոլորովին վերջերս նա երդվել էր Քսենային ոչ մեկի մոտ չթողնել, իսկ հիմա… Ամենավատն այն էր, որ ողջ օրվա ընթացքում նա ոչ մի անգամ չհիշեց Տեսլային:
«Ես էլ կվիրավորվեի, – շարունակում էր ինքը իրեն կշտամբել Էլենը: – Մի՞թե ընկերները այդպես են վարվում»: Իսկ Քսենան դարձյալ լուռ էր: Լսում էր Էլենին և նրա հոր առարկությունները, որոնք պարբերաբար ընդհատում էին աղջկա երկար մենախո- սությունները:
Վերջապես տուն հասան: Մայրիկն արդեն վերադարձել էր աշխատանքից և ընթրիքն էր տաքացնում: Սեղանի շուրջ Էլենը շարունակեց անցկացրած օրվա մասին իր պատմությունը արդեն մայրիկի համար: Եվ ընթրիքից անմիջապես հետո գնաց քնելու:
– Սիրելի՛ս, ի՞նչ է պատահել մեր աղջկան, – զարմացավ մայրիկը, – Էլենը այսքան շուտ հոժարակամորեն գնաց քնելու…
– Նա արդեն երկու ժամ է, ինչ անդադար խոսում է, – պատասխանեց հայրիկը, որը աղջկա հետ շփվելու մի քանի ժամվա մեջ ավելի շատ էր հոգնել, քան ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում: – Սիրելի՛ս, թերևս ես էլ գնամ քնելու:
Գիշերը հորդ անձրև էր գալիս: Հետո քամի բարձրացավ: Եվ մոլեգնող տարերքի ձայները բաց լուսամուտից ներխուժեցին աղջկա սենյակ: Էլենն արթնացավ և ուղիղ իր առջև տեսավ Քսենայի աչքերը: Իրեն համակող սարսափից Էլենը անգամ ճչալ չկարողացավ: Միայն հենվեց պատին և գլուխը ծածկեց վերմակով: Այնինչ Քսենան գնաց դեպի պատուհանը և այն փակեց:
Սենյակում իսկույն լռություն տիրեց: Այդ լռությունից Էլենն ավելի շատ վախեցավ: Վերմակի տակից նա լուռ հետևում էր, թե ինչպես Քսենան հեռացավ պատուհանից, իր կողմն ուղղվեց, վերմակը կարգի բերեց և, իրեն բարի գիշեր մաղթելով, տեղավորվեց կողքի բազկաթոռին:
Տագնապալի գիշերից հետո, հազիվ աչքերը բաց արած, Էլենը ձայն տվեց.
– Մայրի՜կ…
– Բարի լույս աղջիկս:
– Իսկ որտե՞ղ է Քսենան, – հարցրեց Էլենը՝ նկատելով, որ Տեսլան բազկաթոռին չէ:
– Հավանաբար, քո խաղալիքների մեջ, – պատասխանեց մայրիկը:
– Նա քնած էր այստեղ, իմ կողքին: Ո՞ւր է գնացել, – խուճապահար հարցրեց Էլենը: