ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ - страница 3

Шрифт
Интервал


Տարեդարձը նշեցին զբոսայգում, որտեղ կային շատ լավ մանկական հրապարակներ և բազմազան զվարճալիքներ:

Եղանակն էլ հրաշալի էր: Էլենն իր հետ տարել էր Քսենային, որն արդեն համընդհանուր ուշադրության էր արժանացել միայն իր տեսքով: Բոլորն ուզում էին խաղալ նրա հետ: Եվ նա ձեռքից ձեռք էր անցնում: Այդպիսով, Էլենը Տեսլային կորցրեց տեսադաշտից: Լիովին վստահ, որ փոքրիկը հուսալի ձեռքերում է, Էլենը գնաց բլրալանջից սահելու: Շատ զվարճալի էր: Երեխաները սրտանց ուրախանում էին, բայց վերջում խիստ հոգնել էին: Երբ բաժանվելու ժամանակը հասավ, Էլենը հիշեց Քսենային, որը ոչ մի տեղ չէր երևում:

– Մայրի՛կ, դու պատահաբար չե՞ս վերցրել Տեսլային:

– Ո՛չ, թանկագինս, դու կորցրե՞լ ես նրան:

– Կարծես թե՝ այո՛, – նեղսրտած բացականչեց Էլենը: Էլենը վազելով աչքի անցկացրեց ամբողջ զբոսայգին: Քսենան անհետացել էր:

– Եթե Քսենան կենդանի լիներ, ինքը կգտներ ինձ – մտածում էր Էլենը:

Մայրիկը և ընկերուհիները մխիթարում էին նրան.

– Մի՛ տխրիր: Մենք նորը կգնենք քեզ համար:

– Նորը ինձ հարկավոր չէ: Ինձ պետք է իմ Տեսլան: Որոնումները շարունակվեցին, բայց ապարդյուն: Անհրաժեշտ էր տուն գնալ, քանի դեռ չէր մթնել: Տոնական ուրախությունից ոչ մի նշույլ չմնաց: Երեխաները հասկանում էին, որ Քսենայի կորչելու համար կոլեկտիվ պատասխանատվություն են կրում: Տուն գնալու ճանապարհին բոլոր խոսակցությունները միայն Քսենայի մասին էին: Եվ ոչ մեկը չէր հիշում, թե վերջում ում մոտ էր եղել նա:

Էլենը երկար ժամանակ շուռ ու մուռ էր գալիս անկողնում ու չէր կարողանում քնել: Նա անվերջ մտածում էր. «Որտե՞ղ է իմ սիրելին: Ի՞նչ է պատահել նրան»:

Միայն առավոտյան կողմ նա քնեց: Եվ երազ տեսավ: Քսենան կանչում էր աղջկան զբոսայգու խորքից. «Էլե՛ն, տա՛ր ինձ այստեղից»: Էլենն արթնացավ՝ սառը քրտինքի մեջ կորած, և ծնողներին խնդրեց զբոսայգի վերադառնալ՝ դարձյալ որոնելու Տեսլային: Նա հիշեց, որ, երբ հանգստանում էին Սոչիում, հանգստյան գոտում, ջրավազանից ոչ հեռու հատուկ մի տեղ կար, որտեղ դնում էին կորած խաղալիքները: Գուցե, զբոսայգում էլ նման մի տեղ կա: Երեխային անհնար էր տարհամոզել: Ստիպված վերսկսեցին որոնումները: Որքա՜ն զարմացան ծնողները, երբ պարզվեց, որ Էլենը ճիշտ է: Քսենան հայտնվեց կորած իրերի մեջ:

– Ես այլևս որևէ մեկին չեմ վստահի քեզ,

– Տեսլային խոստացավ Էլենը՝ նրան ամուր սեղմելով իր կրծքին:

ԳԼՈՒԽ 2. ՔՍԵՆԱՆ

Ամառ էր: Արձակուրդների ամենաթեժ շրջանը: Արթուրը ընկերների հետ հանգստանում էր մարզական ճամբարում: Մանկապարտեզում կարանտին էր: Ծնողները աշխատում էին: Տատիկը հիվանդացել էր: Հայրիկը, հարկադրված, Էլենին իր հետ աշխատանքի տարավ: Այդպիսով Տեսլան հայտնվեց Պաշտպանության մինիստրության գաղտնի լաբորատորիայում: Էլենի հայրը հայտնի գիտնական էր. նա հետազոտություններ էր կատարում արհեստական բանականության ոլորտում: Աղջկան թողնելով լաբորատորիայի աշխատակցուհիների խնամքին՝ նա գնաց նիստերի դահլիճ խորհրդակցության: Լաբորատորիայում, ցուցափեղկերին ինքնաթիռների, ուղղաթիռների, զանազան խաղալիքների մոդելներ էին ցուցադրված: Որպեսզի Քսենայի համար ձանձրալի չլիներ, Էլենը նրան տեղավորեց խաղալիքների կողքին և ասաց. «Նայի՛ր, Տեսլա՛, քեզ համար ինչ նոր ընկերներ եմ գտել: Նրանք երազում են քեզ հետ մտերմանալ: Քեզ հաճելի ժամանց եմ մաղթում»: Իսկ ինքը գնաց «ճամփորդելու» լաբորատորիայում: Այնտեղ աղջկան ցույց էին տալիս ռոբոտներ, որոնք ֆուտբոլ էին խաղում, կերակուր էին պատրաստում, քաղաքավարի ժպտում էին և հորդորում էին կատարել տնային առաջադրանքները: Խաղերով, դասերով և ճաշկերույթով տարված՝ նա նույնիսկ չնկատեց, թե ինչպես թռավ ժամանակը: Աշխատանքային օրվա ավարտին հայրիկը եկավ Էլենի հետևից, և, իրենց հետ վերցնելով Քսենային, նրանք ուղևորվեցին դեպի տուն: