– Ո՞վ է գնացել: Ո՞ւմ մասին ես դու խոսում, – զարմացավ մայրը:
– Իհարկե՛, Քսենայի, էլ ում:
Բայց մոր դեմքին շփոթմունք նկատելով՝ շարունակեց.
– Այսօր գիշերը, երբ սաստիկ անձրև էր գալիս, Քսենան փակեց պատուհանը և քնեց բազկաթոռին: Իսկ այժմ նա չկա:
Մայրը տարակուսանքով նայում էր աղջկան:
– Էլե՛ն, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է, – արտաբերեց նա երկար դադարից հետո:
– Նա ո՞ւր է կորել:
Էլենը վեր կացավ անկողնուց և սկսեց Տեսլային փնտրել ամբողջ բնակարանում: Քսենան անհետացել էր: «Գոնե գտնվեր: Մի՞թե ինձնից իրոք խիստ վիրավորվել է», – փնթփնթում էր Էլենը:
Մինչդեռ մայրիկի անհանգստությունը մեծանում էր:
Նա կանչեց հայրիկին, և նրանք փորձեցին հանգստացնել դստերը և հասկանալ, թե իրականում ինչ է պատահել:
Աղջիկը ոչ մեկին չէր լսում: Նա մոտեցավ բնակարանի դռանը: Փորձելով դուռը բացել բանալիով՝ տեսավ, որ այն փակ չէ:
– Մայրի՛կ, հայրի՛կ, Քսենան տնից հեռացել է:
Այդ պահին հայրիկը նույնպես անհանգստացավ դստեր առողջության համար: Եվ ամեն ինչում սկսեց մեղադրել մայրիկին.
– Ահա թե ինչի են հասցնում համակարգչային խաղերը, երեկոյան ժամերին անվերջ ֆիլմեր դիտելը: Այսօրվանից ո՛չ մի ֆիլմ, համակարգչային խաղ կամ ձայնագրություն: Միայն առողջ ապրելակերպ:
– Դե, լավ: Ինքներդ գլուխ հանեք: Իսկ ես գնամ աշխատանքի,
– եզրափակեց հայրիկը:
– Լա՛վ է, էլի: Իսկ ե՞ս ինչ անեմ: Ես նույնպես աշխատանքի եմ, – վրդովվեց մայրը:
Ծնողների վիճաբանությունը, որ սովորաբար Էլենի մեջ տհաճ զգացումներ էր առաջացնում, այս անգամ չհուզեց նրան: Նա չափից ավելի էր տարված Տեսլայի մասին մտքերով. «Սին երազանքներ: Բավական էր միայն կենդանացնել Քսենային, և նա իսկույն լքեց ինձ»: Դառը նստվածք մնաց միայն. ինքն այսպիսի վիշտ ունի, իսկ նրանք մտածում են միայն իրենց աշխատանքի մասին:
– Ես մենակ կմնամ տանը, – սրտնեղած արտաբերեց Էլենը: Դստեր խոսքերը սթափեցրին ծնողներին: Նրանք ամաչեցին:
Մայրիկն առաջարկեց աղջկան տանել իր հետ: Հայրիկը թեթևացած շունչ քաշեց ու դուրս եկավ տնից:
– Այստեղ ի՞նչ է կատարվում:
– Ռուբե՛ն Նիկոլաևիչ, բարի լու՛յս Ձեզ, – պետին ողջունեց Նիկան:
– Նմուշն անհետացել է, – զեկուցեց
Վիտալի Սեմյոնովիչը:
– Անհետացե՞լ է: Այդ ինչպե՞ս:
– Ռուբեն Նիկոլաևիչ, սուրճ ուզո՞ւմ եք, – համառում էր Նիկան:
– Հեռացի՛ր, – բորբոքվեց Ռուբեն Նիկոլաևիչը՝ հերթական անգամ զարմանալով քարտուղարուհու անհասկացողության վրա:
– Այդ մասին հայտնի դարձավ ա՛յս առավոտ:
– Ուրեմն զննեք տեղադրությունը:
«Այսօր, անկասկած, բոլորը որոշել են ինձ հունից հանել: Մագնիսական ալիքներն ասես ազդում են ոչ միայն ինձ վրա», – մտածեց Ռուբեն Նիկոլաևիչը: