Հավանաբար, ինչպես երեխաների մեծամասնությունը, շատ զննող երեխա էր: Նա հետևում էր մեքենաներին, մայթերով քայլող մարդկանց: Այդպես նա սովորեց ճանաչել տրոլեյբուսները, ավտոբուսները, տրամվայները, բեռնատար մեքենաները, երթուղային տաքսիները, ինչպես նաև ավտոմոբիլների մակնիշները: Նրան սովորեցրել էին փողոցում և մեքենայում վարվելաձևի կանոնները: Արևիկը աշխույժ աղջիկ էր, և նրա համար դժվար էր ամբողջ ճանապարհին մինչև վերջ հանգիստ նստել վարորդի հետևում դրված թիկնաթոռին: Նա անդադար ցանկանում էր տեղավորվել մեծերի գրկում, դեսուդեն շուռ գալ մեքենայի մեջ, թափահարել ոտքերը:
Երբ Արևիկը երկուսուկես տարեկան էր, մի անգամ հարցրեց.
– Իսկ եթե որևէ երեխա հրաժարվում է նստել թիկնաթոռին կամ կոճկվել, այդ ժամանակ ի՞նչ կլինի:
– Քեռի ավտոտեսուչը մեքենայի վարորդին կտուգանի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, – պատասխանեց տատիկը:
– Եվ նրա մոտ փող չի մնա՞ երեխային խաղալիք գնելու համար, – շարունակեց Արևիկը:
– Շատ հնարավոր է: Համենայն դեպս, նրա փողերը կպակասեն, – բացատրեց տատիկը:
– Ու երեխան լա՞ց կլինի, – տխրեց աղջիկը:
– Գուցե նաև լաց կլինի: Բայց ի՞նչ օգուտ արցունքներից: Դա նրա համար դաս կլինի, և երեխան այնուհետև չի խախտի կանոնները, – հանգիստ պատասխանեց տատիկը:
«Մեծերը միշտ գիտեն՝ ինչ ասեն, միայն թե իրենց ուզածով անեն», – մտածեց Արևիկը: Բայց նա այդպես մտածում էր մինչև այն ժամանակ, քանի դեռ ճանապարհին վթար չէր տեսել: Բարեբախտաբար, որևէ մեկը չտուժեց, սակայն, ճանապարհի խցանումների պատճառով, ստիպված էին երկար կանգ առնել: Դրա հետևանքով, Արևիկը ուշացավ կրկեսային ներկայացումից, որը նրան ավելի շատ վշտացրեց: (Բայց կրկեսը… առանձնահատուկ պատմություն է: Եվ խոսքը հիմա այդ մասին չէ): Այդպես, ոչ անմիջապես, բայց շուտով նա հասկացավ, որ անվտանգությունը վեր է ամեն ինչից, և մեքենայի մեջ ամենաանվտանգ տեղը վարորդի հետևում է:
Արևիկը սիրում էր երթևեկության ընթացքը: Ամենավաղ մանկությունից էլ նրան դուր չէր գալիս, երբ մեքենան կանգ էր առնում լուսացույցի կարմիր լույսի տակ, էլ չասած՝ ավելի երկարատև, ինչպես, օրինակ, ամառանոցի ճանապարհին երկաթուղային գծանցից առաջ կամ խցանումների պատճառով եղած կանգառների մասին: Այդ ժամանակ նա սկսում էր նվնվալ, անգամ լաց լինել: Ամեն անգամ անհրաժեշտություն էր առաջանում ինչ—որ բան հնարել՝ նրան շեղելու համար: Ժամանակի ընթացքում Արևիկը ավտոմոբիլի մեջ սկսեց լսել «Մանկական ռադիո», սիրված հեքիաթների ու մյուզիքլների, վաղնջական լեգենդների ու առասպելների ձայնագրություններով սկավառակներ: Աղջիկն այնքան էր խորասուզվում լսածի մեջ և այնքան ուժգին էր մասնակցում սիրելի հերոսների ապրումներին, որ շրջապատողները տպավորություն էին ստանում, թե կարծես նա իր շուրջը ոչ մի այլ բան չի նկատում: Բայց դա այդպես չէր: Նրա մեջ բազմաթիվ հարցեր էին առաջանում: