Մի անգամ երեկոյան Արևիկը, նկատի ունենալով խցանումները, ասաց.
– Տատի՛կ, կարո՞ղ ես ինձ բացատրել՝ ինչո՞ւ է այսպես կատարվում: Եվ ինչպե՞ս կարելի է դա ուղղել:
Մի պահ տատիկը նույնիսկ շփոթվեց: Մի տեսակ տարօրինակ էր այդ հիմնախնդիրները քննարկել փոքրիկ աղջկա հետ: Բայց ինչ կարող ես անել, հարկադրված ես պատասխանել:
– Կարճ ասած՝ շատերն են այդ մասին մտածում, սակայն դեռևս խելքը գլխին ոչ մի բան չեն հնարել: Նկատի ունեմ՝ ինչպես կարելի է շտկել այդ իրավիճակը, – լուրջ տոնով պատասխանեց տատիկը:
– Գիտեմ, հայրիկն ինձ պատմում էր, որ բնության մեջ այնպիսի երևույթներ կան, որոնք մարդիկ դեռ չեն կարող բացատրել, – ոգևորվեց աղջիկը՝ հիշելով դեպի անցյալ իր հրապուրիչ ճանապարհորդության մասին, որն ինքը հայրիկի հետ կատարեց Դարվինի թանգարանում:
– Իսկ ճանապարհային խցանումները նույնպե՞ս այդպիսի երևույթներ են:
– Ո՛չ: Այդպիսի երևույթներ չեն: Դրանք կարելի է բացատրել, սակայն մարդիկ դեռ չեն սովորել դրանք կառավարել:
– Իսկ ինչո՞ւ:
– Դա այնքան էլ հեշտ չէ, – լրջորեն պատասխանեց տատիկը:
– Այդ ինչպե՞ս, – մեղմ ձայնով հարցրեց աղջիկը:
– Դու գիտես, որ կան հիվանդություններ, որոնք մարդիկ արդեն կարող են բացատրել, բայց դեռ չեն կարող բուժել: Ուստի դեռևս փորձում են ինչ—որ կերպ սատարել հիվանդին, թեթևացնել նրա տառապանքները: Սակայն ժամանակի ընթացքում կսովորեն բուժել այդ հիվանդությունները:
– Տատի՛կ, իսկ խցանումները հիվանդությո՞ւն են, – անմիջապես արձագանքեց աղջիկը:
– Այո՛, կարելի է և այդպես ասել: Դա մեծ քաղաքների հիվանդությունն է, – պատասխանեց տատիկը:
– Եվ դրա՞նք էլ դեռ չեն կարող բուժել, – հետաքրքրվեց Արևիկը:
– Ավա՜ղ, այո՛: Առայժմ խցանումները նվազեցնելու բոլոր փորձերը ապարդյուն են, – շարունակեց տատիկը:
– Իսկ դրանք նույնպե՞ս կսովորեն բուժել, – հարցրեց աղջիկը:
– Հավանաբար, երբևէ այդպես էլ կլինի, – պատասխանեց տատիկը:
– Իսկ ե՞րբ, – չէր հանդարտվում Արևիկը:
– Դա բարդ հարց է, – ասաց տատիկը:
– Միշտ այդպես է: Երբ դուք՝ մեծերդ, ինչ—որ բան չեք իմանում, – այդպես եք պատասխանում, – վրդովվեց աղջիկը:
– Արդեն ուշ է: Ժամանակն է քնելու, – փորձեց զրույցն ընդհատել տատիկը:
Բայց անհնար էր:
– Չեմ գնա: Ես կսպասեմ մայրիկին կամ հայրիկին, – չէր դադարում աղջիկը:
– Արևի՛կ, բալի՛կս, վախենամ՝ շատ սպասես: Տեսնո՞ւմ ես, ինչ ձյուն է դրսում: Ամեն ինչ ծածկել է: Ձնահավաք մեքենաները չեն կարողանում գործն ավարտել: Գնալ—գալ հնարավոր չէ: Գնանք քնելու, իսկ գիշերը, երբ կուզենաս կաթ խմել, քեզ մայրիկը կտա:
Արևիկին շեղելու բոլոր փորձերը անօգուտ էին: Աղջիկը շատ էր կարոտել հայրիկին, որին նա չէր տեսել ամբողջ երեք ամիս: Նա մեկնել էր գիտարշավի և այսօր տուն էր վերադառնում: Ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել: Հայրիկը զանգել էր օդանավակայանից: Սակայն արդեն երկու ժամ էր անցել, իսկ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել: Մայրիկը նույնպես շատ էր աշխատում: Եվ ամեն մի լրացուցիչ ժամը, որ միասին էին անցկացնում, ասես նվեր լիներ, որից այսօր աղջիկը կարծես զրկվել էր: